Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մարտին գրանցվել է արտահանման ծավալների ռեկորդային աճ՝ համեմատած բոլոր ժամանակների մարտ ամսվա ցուցանիշների հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արձանագրվել է 19.8 տոկոսանոց աճ, ինչի արդյունքում արտահանումը կազմել է 22.7 մլրդ դոլար։
Իսկ հունվար-մարտ ժամանակահատվածում Թուրքիայից արտահանվել է 60 մլրդ 288 մլն դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը համարվում է լավագույնը տարվա առաջին եռամսյակների համեմատականում։
Սահմանակից հարևան երկրներ կատարված թուրքական արտահանումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 30 տոկոսով։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում Իրան, Իրաք, Հունաստան, Վրաստան, Սիրիա և Բուլղարիա կատարված արտահանումները կազմել էին 4 մլրդ 323 մլն դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 5 մլրդ 636 մլն դոլար։
Ամենաշատ ծավալով արտահանումն իրականացվել է դեպի Իրաք, ամենաքիչը՝ դեպի Սիրիա։
Թուրքիայից արված արտահանումների պատկերը
դոլարային տեսքով՝
Իրաք – 2 մլրդ 446 մլն
Բուլղարիա – 1 մլրդ 59 մլն
Հունաստան – 790 մլն 940 հզ
Իրան – 560 մլն 265 հզ
Վրաստան – 396 մլն 177 հզ
Սիրիա – 383 մլն 267 հզ: