Երիտասարդ երգչուհի և դերասանուհի Մերի Քոչարյանն այժմ նկարահանվում է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում, սա նրա առաջին փորձն է երկարաժամկետ նախագծում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մարմնավորած կերպարի, դժվարությունների, ուսումն ու աշխատանքը համատեղելու մասին։
«Նկարահանումներից առաջ դերասանական կազմով փորձել ենք տարբեր դերեր, ինձ մոտ ամենալավը ստացվեց տնօրենի աղջկա՝ Նանեի կերպարը։ Հերոսուհիս դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել, – ասաց Մերին և հավելեց, որ աշխատանքային խումբը կերպարային հետաքրքիր գծեր է գտել։ -Շատ բարդ ու պատասխանատու քայլ է մարմնավորել հաշմանդամություն ունեցող աղջկա։ Առաջին սերիաներից երևում է, որ կան բնավորության որոշակի կամակոր գծեր, աղջիկը փորձում է ցույց տալ, որ իր շրջապատում գնտվող մարդիկ իրեն պետք է լիարժեք ընդունեն, երբեմն, ունենում է պոռթկումներ, քանի որ իրեն հասած ճակատագիրն այդքան էլ հեշտ չէ»։
Խոսելով տեխնիկական դժվարությունների մասին՝ դերասանուհին ասաց․ «Ամենապարզ օրինակով կիսվեմ․ միայն նկարահանվելու ժամանակ հասկացա, որ մենք նստած ժամանակ շարժում ենք մեր ոտքերը։ Պետք է սովորեի անշարժ նստել, քանի որ ամբողջ նկարահանումներս անցնում են նստած դիրքով։ Նկարահանումների ժամանակ կենտրոնանում եմ, որ ճիշտ նստեմ, հանկարծ ոտքերս չշարժեմ, ավելորդ շարժումներ չանեմ։ Փորձում եմ անել առավելագույնը, որպեսզի արդարացնեմ ինձնից սպասելիքները»։
Դերասանուհին պատմեց իր և դերասանուհի Նելլի Խերանյանի համագործակցության մասին, որը մարմնավորում է իր մորը, դպրոցի տնօրենն է․ «Երբ նոր պետք է սկսեի աշխատանքը, շատ լարված էի։ Այսօրվա պես հիշում եմ հույզերս ու ապրումներս, քանի որ պատասխանատու էր ավագ սերնդի հետ խաղալը նույն նկարահանման հրապարակում։ Հիմա հաճույք եմ ստանում մեր նկարահանումներից ու համագործակցությունից։ Նելլի Խերանյանից խորհուրդներ ստանալը ևս անփոխարինելի է։ Շատ ուրախ եմ, որ այս փուլում հիմնական համագործակցությունս իր հետ է»։
Ամբողջությամբ՝ tert.am.life