Ինչպես գիտեք՝ 2021 թվականին եկամտային հարկի դրույքաչափը կազմել է 22 տոկոս: Իհարկե, եկամտային հարկ կարող է հաշվարկվել նաև ֆիզիկական անձանց վճարվող այլ եկամուտներից, օրինակ՝ վարձակալության վճարներից՝ 10 տոկոս: Բայց չենք կարծում, որ պետական ապարատի վճարած եկամտային հարկում կարող են մեծ ծավալ կազմել այդպիսի հարկերը, բացառությամբ ՊՆ-ի, քանի որ նրանք իրենց որոշ աշխատակիցների համար վճարում են նաև բնակարանի վարձերը:
Պետական ապարատի մի շարք մարմիններ տեղ են գտել 2021 թ. 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում, ինչը նախկինում երբեք չի եղել: Այս խոշոր հարկատուների վճարած հարկերի շուրջ 80 տոկոսը բաժին է ընկենում եկամտային հարկին, ասել է թե՝ աշխատավարձից կամ դրան հավասարեցված վճարներից պահվող հարկերին:
Ինչպես տեսնում ենք ստորև բերվող աղյուսակից՝ պետական մարմինների ցուցակում խոշոր հարկատուների առյուծի բաժինը ուժային կառույցներն են, իրավապահ, դատական համակարգը, քննչական մարմինները, ոստիկանության մի շարք մարմիններ, հեռուստաընկերությունը և այլն: Այսինքն՝ այն մարմինները, ավելի ստույգ՝ այդ մարմինների վերին օղակները, որոնք պաշտպանում են Փաշինյանի ժամանակավոր իշխանությանը հասարակության գիտակից հատվածից և թե՛ ուժային, թե՛ վարչական ու տեղեկատվական հողի վրա չեզոքացնում Փաշինյանի իշխանությանը սպառնացող հնարավոր վտանգները, պետական բյուջեից ստանում են այն չափի ահռելի գումարներ՝ աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումների և այլնի տեսքով, որ եկամտահարկի շնորհիվ հայտնվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում:
Վստահաբար, վերոնշյալը չի տարածվում նշված գերատեսչությունների միջին և ստորին օղակների վրա, որոնք, կատարելով հիմնական չարքաշ աշխատանքը, ստանում են նույն խղճուկ աշխատավարձը, հետևաբար՝ չեն օգտվում նաև շռայլորեն բաշխվող պարգևավճարներից, քանի որ պարգևատրումների չափն ուղիղ համեմատական է աշխատավարձերի չափին: Այս յուղոտ կերակրատաշտից, բնականաբար, հեռու են նաև ուսուցիչները, ստորին օղակների բուժաշխատողները, գիտաշխատողները և այլ հասարակ մահկանացուներ, որոնք զոռով դիմակայում են ահագնացող թանկացումներին:
Այսինքն՝ Փաշինյանը պետական բյուջեի անարդարացի բաշխման միջոցով փորձում է ոչ թե բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, այլ մի խումբ մարդկանց կյանքը, այն մարդկանց, որոնք, Արցախից հրաժարվելով, հայրենիքի հերթական հատվածների հանձնման պահերին պաշտպանելու են դավաճանության հեղինակին կամ առնվազն չեն ընդվզելու այդ ամենի դեմ:
Ինչևէ, մի քանի դիտարկում անենք՝ առանց եզրակացության, ուղղորդման կամ տողատակի: Խոսենք չոր թվերով: Այսպիսով՝
Հիմնական մասը աշխատավարձ կամ դրան հավասարեցրած վճարներ են, ինչպես վերևում նշեցինք՝ աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը 22 տոկոս է: Հետևաբար, հարկման բազան կազմում է 298577322727 դրամ x 22% = 65687011000 դրամ, որի հարկման բազան շուրջ 620.0 միլիոն ԱՄՆ դոլար է:
Ախորժակ եմ ասել …