ԱՀԿ ղեկավարն ասում է, որ Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ աշխարհի բնակիչների մեկ երրորդը դեռևս պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել և շատ երկրներում պատվաստումների ծածկույթը ցածր է: Այս մասին երկուշաբթի Ժնևում հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում: Նա նշել է, որ չնայած աշխարհում մահացության նվազման միտումին՝ (նախորդ շաբաթ գրանցված մահերի թիվը ամենացածրն էր ավելի քան երկու տարվա ընթացքում), «համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց»։ «Կորոնավիրուսի վարակելիությունը մնում է շատ բարձր, և պատվաստումների ծածկույթը չափազանց ցածր է շատ երկրներում»,- ասել է Գեբրեյեսուսը:
ԱՀԿ ղեկավարն ուշադրություն է հրավիրել համաճարակի ներկա փուլում «չափազանց կարևոր» երեք գործոնների վրա. Նա առաջին տեղում նշել է բնակչության «հոգնածությունը» սոցիալական մեկուսացումից, դպրոցների փակումից ու թոհուբոհից։ Խոսելով երկրորդ գործոնի մասին՝ նա հիշեցրել է, որ կորոնավիրուսով «առաջին պատվաստումից կամ վարակվելուց հետո իմունիտետի տևողությունը» մնում է անհայտ։ Եվ վերջապես, երրորդ գործոնն այն է, որ «մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա վիրուսը»,- հայտարարել է Գեբրեյեսուսը։
Գործադիր տնօրենի «առաջնային մտահոգությունը» չպատվաստված բուժաշխատողների և ռիսկային խմբի այլ մարդկանց մեծ թիվն է աշխարհում: «Պատվաստումների հավասար հասանելիությունը ռիսկային խմբերի մեծ մասի համար մնում է ամենահզոր գործիքը, որը մենք ունենք կյանքեր փրկելու համար», – ասել է Գեբրեյեսուսը: Նա հիշեցրել է, որ բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ Աֆրիկայում բնակչության 83%-ը չի պատվաստվել։