Ատամնաբույժ-թերապևտ, պարոդոնտոլոգ, ատամնաբուժական վիրաբույժ Իննա Ռոստովենկոն նշել է այն մթերքներն ու ըմպելիքները, որոնք վատթարացնում են ատամների սպիտակությունը։ Դրանց մասին նա խոսել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
Ատամների գույնը, պարզաբանում է նա, փչացնում են արհեստական ներկանյութերով մթերքները՝ սոուսները կամ քաղցրավենիքները։ Իր հերթին, շարունակում է Ռոստովենկոն, ալյուրի արտադրանքը նպաստում է ատամների վրա բակտերիաների աճին, քանի որ դրանք վատ են մաքրվում ատամների մակերեսից և պարունակում են շաքար։ Նրա խոսքով` բակտերիաները կազմում են մանրէային թաղանթ և նպաստում են կարիեսի ձևավորմանը։
Նաև, փորձագետի խոսքով, քաղցր ըմպելիքներն ազդում են ատամների գույնի վրա, իսկ թեյը, սուրճը և կարմիր գինին, որոնք պարունակում են տանին, բարձրացնում են թթվայնությունը և նպաստում ատամնափառի առաջացմանը։
Ատամնաբույժը նաև խորհուրդ է տվել վեց ամիսը մեկ կատարել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա՝ ուլտրաձայնային միջոցով հեռացնել ատամնաքարը, ինչպես նաև թեյի, սուրճի, ծխախոտի և ներկանյութերի պիգմենտային փառը։