Ոստիկանության Արմավիրի բաժնում հհիվանդանոցից հունվարի 21-ին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1979 թ. ծնված Նելլի Ե.-ն, 1987 թ. ծնված Սիմա Չ.-ն և 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչ ությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Նելլի Ե.-ն, Սիմա Չ.-ն և Սիրանուշ Հ.-ն թունավորումը ստացել են տան լոգարանում փայտի վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
Ավելի ուշ, հունվարի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում, բոտուլիզմ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ Արուճ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 4 անձ:
Պարզվել է, որ 1979 թ. ծնված Անուշ Յ.-ն, 1999 թ. ծնված Արմինե Խ.-ն, 2002 թ. ծնված Սերգեյ Խ.-ն և 2000 թ. ծնված Գոհար Խ.-ն իրենց տանը կերել են պահածոյացված լոլիկ, ինչի հետևանքով ստացել են թունավորում:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել 1979 թ. ծնված Լարիսա Ղ.-ն, 2000 թ. ծնված Լիլիթ Վ.-ն, 2003 թ. ծնված Լինա Վ.-ն և 2009 թ. ծնված Լյովա Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 14.00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
Ավելի ուշ նույն բաժնից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել 1963 թ. ծնված Արև Մ.-ն, 1994 թ. ծնված Մենուհի Գ.-ն, 2009 թ. ծնված Միլենա Թ.-ն, 2010 թ. ծնված Նարե Թ.-ն և 2012 թ. ծնված Սասուն Թ.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են տանն իրենց կողմից տնային պայմաններում պահածոյացված շուշանի թթու ուտելու հետևանքով:
Վերոհիշյալ երկու դեպքերի առթիվ կատարվում է քննություն:
Իսկ Իջևանի բաժնից նույն օրը հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Լիանա Շ.-ն, որդին` 2011 թ. ծնված Ալեք Ա.-ն, և դուստրը` 2008 թ. ծնված Սաթենիկ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են իրենց տանը գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: