Սյունիքում մարդիկ հարցնում են՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովի պետության անվտանգությունը․ Արմեն Գևորգյան
Advertisement 1000 x 90

Սյունիքում մարդիկ հարցնում են՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովի պետության անվտանգությունը․ Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է  ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հոդվածը․

«44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ եմ լինում Կապանում, Քաջարանում, Մեղրիում և հարկ եմ համարում կիսվել որոշ նկատառումներով։

Ամենակարևորը. այստեղ ապրում են շատ հասուն, հայրենասեր մարդիկ, որոնց հուզում է ոչ միայն սեփական ճակատագիրը, այլև՝ ողջ պետության։ Սա իսկապես շատ կարևոր է՝ հաշվի առնելով այս բնակավայրերի՝ ըստ էության առաջնագիծ լինելու հանգամանքը։ Վերջին սոցհարցումները ցույց էին տալիս, որ անվտանգության խնդիրը մեր հասարակության համար սկսել է դառնալ առաջնահերթ, և այստեղ ես դա տեսնում եմ իմ աչքերով։ Մարդիկ անում են հստակ հարցադրում՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովի պետության անվտանգությունը, նրա նոր սահմաններն Ադրբեջանի հետ։

Հաջորդը. մտահոգիչ է, որ մարդկանց հեռանալու պատճառով գյուղերը սկսում են մեռնել։ Գյուղերը դառնում են բնակվելու համար էկզոտիկ վայրեր։ Հետաքրքիր օրինակ. Քաջարան համայնքի խոշորացման արդյունքում (նրա մեջ ներառվեց քսանից ավելի բնակավայր) խոշորացված համայնքի ընդհանուր բնակչության թիվն աճել է ընդամենը 800 հոգով։ Այստեղից պետք է եզրակացնել, որ այդ քսան գյուղում մոտավորապես այդքան մարդ է բնակվում։

Մյուսը. հանրության մեջ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ հակադրությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո չի անցել, ավելին՝ նկատվում է խորացման միտում՝ չորս խոշոր համայնքների ղեկավարների ձերբակալությունից հետո։ Ակնհայտորեն նկատվում է, որ մարդիկ հոգնել են այս իրավիճակից, ուզում են կայունություն և վաղվա հանդեպ վստահություն, և որ մարդիկ ակտիվ այլընտրանքի փնտրտուքի մեջ են՝ այլընտրանք թե´ իշխանությանը, թե´ընդդիմությանը։

Հաջորդը. նույնիսկ այնպիսի հարուստ տարածաշրջանում, ինչպիսին Սյունիքն է, մարդկանց բարեկեցության աճ չի նկատվում։ Զբաղվածությունը մնում է սուր խնդիր, հատկապես՝ խոշոր քաղաքների կանանց համար։ Շատ ծրագրեր դոփում են տեղում, օրինակ՝ Իրանի սահմանին ազատ առևտրի գոտու նախագիծը։ Տեղացիներին հասկանալի չէ՝ ի՞նչ կփոխվի իրենց կյանքում Մեղրիով Երասխ – Բաքու երկաթգծի գործարկմամբ։

Սյունիքը պետք է դառնա ռազմավարական ծրագրերի իրականացման կենտրոն։ Օրինակ՝ հարավային շրջանները պետք է ստանան զարգացման ծրագրերի իրականացման հատուկ ազդակներ՝ Քաջարանի և Ագարակի կոմբինատների աջակցությամբ, իսկ հյուսիսային շրջանները՝ Սիսիանի տարածաշրջանը՝ Ամուլսարի ապագա շահագործողների աջակցությամբ (անունները, ենթադրում եմ, արդեն հայտնի են ներկայիս իշխանությանը)։

Բացի տարածաշրջանի ենթակառուցվածքային զարգացումից՝ չափազանց կարևոր է Իրանի հետ տնտեսական կոոպերացիայի պոտենցիալի օգտագործումը։

Մյուսը. ակնառու է պետական թույլ և անորակ կառավարումը տեղերում։ Ընթանում է համատարած քաղաքականացում՝ պետական մարմինների, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների։ Տեղական բնակչության խոսքերով՝ պետական հաստիքներում նշանակում են ոչ թե մասնագիտական պատրաստվածության, այլ՝ կուսակցական և անձնական հավատարմության հիման վրա։ Պետական իշխանությունը տեղերում աստիճանաբար վերափոխվում է քաղաքական շահերի սպասարկման գործիքի, ինչն իր հերթին անխուսափելիորեն բերելու է այն բանին, որ պետական համակարգը սկսի սպասարկել միայն մեկ ընտրազանգվածի շահերը, այլ ոչ՝ ողջ բնակչության։

Իսկ հիմա՝ առարկայական հարցեր.

  1. Իշխանությունը կառուցել է նոր Տաթև-Կապան ճանապարհ, և դա իրականություն է։ Իրականություն է նաև այն, որ այն արդեն վատ վիճակում է և, մեծ հաշվով, իր տեխնիկական պարամետրերով չի համապատասխանում տրանզիտային ճանապարհների միջազգային չափանիշներին։ Իսկ այդ պոտենցիալը կա, և այն պետք է արագ իրացնել։ Այդ ճանապարհ իր աշխարհագրական և գեղատեսիլ դիրքով կարող է դառնալ նոր տուրիստական կլաստերի կենտրոն։ Որտե՞ղ և ինչպե՞ս են մշակվում այդ հարցերն այսօր, ես չգիտեմ։ Ո՞վ է կրում պատասխանատվություն՝ նոր ճանապարհի անորակության համար, նույնպես չգիտեմ։
  2. Առ այսօր լուծված չեն Ագարակի և Մեղրիի գազաֆիկացման, ոռոգման և որակյալ խմելու ջրի խնդիրները։ Ոչ մի արդարացում տեղին չէ։ Այս երկու բնակավայրերի գազաֆիկացման համար պետք է արվի հատուկ բացառություն՝ բոլոր տնտեսական և բիզնես հիմնավորումներից։ Սա պետք է լինի հենց այնպիսի պետական ծրագիր, որի իրականացման համար կարելի է մեծացնել պետական պարտքը, քանի որ տարածաշրջանի բնակչությունն անմիջապես կզգա դրական արդյունք և ձեռք կբերի վստահություն ապագայի հանդեպ։
  3. Այսպես կոչված ազատ տնտեսական գոտու դարպասներին այսօր բառիս բուն իմաստով կախված է գյուղական պահեստի կողպեք։ Կարծում եմ՝ այստեղ ոչինչ ավելացնելու կարիք չկա։
  4. Նույնիսկ հիմա Մեղրիի միջով անցնելիք պոտենցիալ երկաթգծի տեղում ընթանում է մասնավոր շինարարություն։ Սա կարելի է նորմա՞լ համարել։ Սա տեսնու՞մ են արդյոք պետական կառավարման մարմինները։
  5. Մեղրիում նախորդ սեզոնից առկա է առնվազն 150 արքայանարնջի իրացման խնդիր։ Կա վտանգ, որ բերքը կարող է փչանալ, և գյուղացին կարող է մնալ գյուղատնտեսական վարկի բեռի տակ։ Ի՞նչ է անում էկոնոմիկայի նախարարությունն այս խնդրի լուծման համար։ Ի դեպ, բարձրանում են սառնարաններում գյուղմթերքի պահպանման ծառայության սակագները, քանի որ բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը։

Ամփոփում

Ինչո՞ւ եմ այս հրատապությամբ Մեղրիից թվարկում այս խնդիրները։ Հայաստանում կան հսկայական ծավալի կուտակված խնդիրներ, որոնք վստահաբար լուծվող են, և դրանց լուծումից կտրուկ և էական բարելավում կլինի քաղաքացու և երկրի կյանքում»։

 



Նման նյութեր