Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագրի ընթացքն ու տարեկան զեկույցը:
1or.am-ը Փաշինյանի ելույթի վերաբերյալ լսել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքը.
«Այն անձնավորությունը, որն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, այսօր Ազգային Ժողովի ամբիոնից ներողություն է խնդրում, որ Արցախի հարցում ինքն անկեղծ չի եղել և խաբել է մեզ, և ես էլ, որպես խմբակցության նախկին անդամ, հաստատում եմ, որ ինքը խաբել է մեզ բոլորիս, որովհետև նա ասում էր, որ Արցախի հարցում միանձնյա որևէ որոշում չի կայացնելու, ամեն ինչ որոշելու է արցախցին, իսկ հիմա ներողություն է խնդրում և պատրաստակամություն հայտնում Արցախի կարգավիճակը քննարկելու Ադրբեջանի կազմում: Ու այստեղ հարց է առաջանում՝ իսկ արդյոք հարյուր հազարից ավելի արցախցիներն, ովքեր ապրում են այսօր Արցախում, կներեն Նիկոլ Փաշինյանին՝ իրենց Ադրբեջանին զոհաբերելու համար:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների Արցախ մուտք գործելու սահմանափակման հետ կապված երեկ տեղի ունեցած միջադեպին՝ պատգամավորը նշեց.
«Դա մեծագույն խայտառակություն էր: Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն փորձում է այդ խայտառակությունն այս անգամ էլ ռուս խաղաղապահների վրա բարդել, ես համոզմունք ունեմ, որ իշխանության ներկայացուցիչները, ովքեր երեկ ամբողջ օրը ԱԺ ամբիոնից թիրախավորում էին ընդդիմադիրներին, իրենց ելույթներով և բառամթերքով տվեցին հրահանգ բոլոր ուժային կառույցներին, որպեսզի ընդդիմադիրների մուտքն Արցախ արգելվի: Կրկնում եմ՝ սա խայտառակություն է, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են»: