ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամներ:
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե և արծաթե հուշադրամներ
1992 թ. հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակը, հաղթահարելով ծանրագույն փորձություններ, կազմավորվել է անկախ պետականության կայացման ժամանակաշրջանում և դարձել հայ ժողովրդի անվտանգության պահպանման կարևորագույն երաշխավորը:
Անցնելով մարտական փառավոր ուղի` Հայոց բանակը 30 տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ։
Հայոց բանակը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի և քաջության, նվիրվածության և հայրենասիրության խորհրդանիշն է: Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայի ոչ միայն պատվի գործն է, այլև կոչումը։ Հայ զինվորը հայրենիքին իր նվիրումով, ռազմական տաղանդով, մարտական ոգով, խիզախությամբ ու սխրանքներով փառավորում է Հայոց բանակը:
Դիմերես՝ ՀՀ զինանշանը:
Դարձերես՝ ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված:
Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Ձևը կլոր
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 400 հատ
Թողարկման տարեթիվը 2022
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Ձևը ութանկյուն
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 400 հատ
Թողարկման տարեթիվը 2022
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ (Եղիշե Սողոմոնյան, 1897–1937 թթ.) հայտնի հայ բանաստեղծ է, արձակագիր, թարգմանիչ, հրատարակիչ, հրապարակախոս, մշակութային-հասարակական գործիչ: Ծնվել է հին հայկական Կարս քաղաքում:
Առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ…», տպագրել է 1912 թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում, որին հաջորդել են «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ծիածանը», «Տաղարան» շարքերը, «Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված» պոեմները, «Երկիր Նաիրի» վեպը և այլ հանճարեղ գործեր:
Ստեղծագործություններից շատերն առ այսօր արդիական են և ունեն համաշխարհային մեծ արժեք: Բանաստեղծի գլուխգործոցներից է «Ես իմ անուշ Հայաստանին», որը որպես աղոթք է հնչում յուրաքանչյուր հայի շուրթերից:
Չարենցի վերջին մատյանը դարձավ «Գիրք ճանապարհին», որի պատրաստի տպաքանակն արգելվեց. նրան ձերբակալեցին՝ որակելով ազգայնամոլ և հակահեղափոխական:
Եղիշե Չարենցը վախճանվել է 1937 թ. նոյեմբերի 27-ին Երևանի բանտի հիվանդանոցում՝ 40 տարեկանում դառնալով ստալինյան բռնապետության զոհերից: Արդարացվել է 1955 թ.:
Հանճարի գերեզմանն անհայտ է:
Երևանում գործում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, նրա անունն են կրում Չարենցավան քաղաքը, դպրոցներ, փողոցներ, Գրականության և արվեստի թանգարանը:
Դիմերես՝ դրվագ Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.):
Դարձերես՝ դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) և նրա ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2022
Օգանեսոն (Og) քիմիական տարրին նվիրված հուշադրամ
Օգանեսոն (Og)-ը Մենդելեևի պարբերական աղյուսակի արհեստական ռադիոակտիվ տարր է, կարգահամարը՝ 118: Սինթեզվել է 2004 թ. Դուբնայի (Ռուսաստան) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (ՄՀՄԻ)՝ ռուս և ամերիկացի գիտնականների համատեղ խմբի կողմից: 2016 թ. Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը տարրն անվանակոչել է Յուրի Հովհաննիսյանի անունով:
Յուրի Հովհաննիսյանը (ծնվել է 1933 թ.) աշխարհահռչակ գիտնական է, ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր (1981 թ.), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1990 թ.), ՌԴ ԳԱ ակադեմիկոս (2003 թ.), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2006 թ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Դ. Ի. Մենդելեևի անվան մրցանակի առաջին դափնեկիր (2021 թ.), Դուբնայի Գ. Ն. Ֆլյորովի անվան ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար:
Յուրի Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են գերծանր քիմիական տարրերի ուսումնասիրման բազմաթիվ գիտափորձեր, մշակվել է ինքնատիպ փորձարարական սարքավորում՝ ամենածանր միջուկների ստացման և դրանց հատկությունների ուսումնասիրության համար: Յուրի Հովհաննիսյանը արհեստական սինթեզի բնագավառում նոր ատոմային տարրերի 8 հայտնագործության համահեղինակ է, որոնք Մենդելեևի պարբերական աղյուսակում 104-105, 107, 114-118 կարգահամարներով են: Հեղինակ է նաև 3 մենագրության, 11 գյուտի և 500-ից ավելի գիտական աշխատությունների:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 500 հատ
Թողարկման տարեթիվը 2022
Դիմերես՝ Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, ՄՀՄԻ պատկերանշանը:
Դարձերես՝ Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1979 թ.):
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: