Մեծ Բրիտանիայում կբացվի «Սելֆիից մինչև ինքնաարտահայտում» խորագիրը կրող ցուցադրանքը՝ հայտնի մարդկանց ինքնանկարներով, որոնց թվում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը: Ցուցահանդեսը նվիրված կլինի ինքնապատկերման դերին արվեստում: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Կազմակերպչի՝ Նայջել Հյորսթի խոսքով՝ «ցուցահանդեսում կներկայացվի սելֆիի պատմության և ստեղծագործական ներուժի ամբողջական վերլուծությունը»: Այն կբացվի 2017 թվականի մարտին՝ Լոնդոնի «Սաաթչի» պատկերասրահում:
Ցուցադրանքը ներառում է նկարիչներ Ռեմբրանդտի և Դիեգո Վելասկեսի ինքնանկարները: Նրանց հետ հավասար այցելուներին կցուցադրվեն ժամանակակից լուսանկարիչներ Թրեյսի Էմինի, Կուտլուգ Ատամանի և Ջունո Կալիպսոյի աշխատանքները, ինչպես նաև Բենեդիկտ Քամբերբեթչի այն լուսանկարը, որում բրիտանացի դերասանն այլ հայտնիների թիկունքից հայտնվում է 2014 թվականին «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ:
Սելֆին (selfie) քո լուսանկարն է, որը դու ինքդ ես արել: Օքսֆորդի բառարանը կազմողները 2013 թվականի նոյեմբերին «սելֆի»-ն ճանաչել են տարվա բառ, իրենց ընտրությունը բացատրելով նրանով, որ 2012 թվականի համեմատությամբ դրա օգտագործումն աճել է 17 հազար տոկոսով: