Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 1-ից։
Օրենսգրքի 158-րդ հոդվածը, որով սահմանված են առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելու համար նախատեսված տուգանքները, լրացվել է երկու մասով՝ 45-րդ և 46-րդ։
Մասնավորապես, սահմանվել է, որ՝
200 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը` առաջացնում է նախազգուշացում:
Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` 30․000 դրամի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար։
«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն այլ առաջարկ ունի.
«Իմ կարծիքով՝ առանձին դարակները ճիշտ չեն։ Սպառողին չմոլորեցնելու համար պետք է տուփը փոխել։ Ինչպես թթվասերն ու յոգուրտը տարբերվում են տուփով, չէ՞, այդ ձև էլ պահանջում ենք, որ սա լինի։ Ոչ բոլոր սպառողներն են կարողանում հասկանալ, որ դարակն առանձնացված է։ Մակնշումն էլ շատ մանր է, որ մոլորեցնում է։ Դրա համար հստակ առաջարկել ենք փոխել տուփերի ձևը․ թթվասերը, յոգուրտը, կաթը տարբեր տուփերով լինեն, ինչը որոշակի պարզություն կմտցնի։ Իսկ դարակների առանձնացումը այնքան էլ էական չէ։ Տարիքով մարդիկ կնայեն՝ նույն թթվասերի տուփն է, կգնեն, էլ չեն կարդա, որ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ»։ Հստակ պետք է տուփերը, գույները փոխեին, մակնշումը խոշոր տառերով լիներ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Հայթյանը։
Անի Կարապետյան