Սեղմված բնական գազը թանկացել է․տաքսիների սակագինը կփոխվի՞
Advertisement 1000 x 90

Սեղմված բնական գազը թանկացել է․տաքսիների սակագինը կփոխվի՞

Ապրիլի 1-ից սեղմված բնական գազի գինը թանկացել է 20-30 դրամով։ Գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվում է 330-360 դրամով:

«Բացի այն, որ թանկ է, մի բան էլ՝ շուտ է վերջանում։ Ի դեպ, տեղեր կան, որ գինը 360 և 370 դրամ է։ Նախկինի չափով մեքենան լիցքավորում եմ, բայց քշում եմ ավելի քիչ»,- սոցիալական ցանցերում դժգոհում են վարորդները։

Կարծիք կա, որ թանկացման արդյունքում կփոփոխվեն նաև ուղևորափոխադրման սակագները:

«Ամբողջ աշխարհում է այդ տենդենցը, և դա այս պահին կապել Հայաստանի տնտեսության կամ քաղաքականության հետ՝ սխալ է։ Ինչ վերաբերում է սակագներին, ապա, եթե դա լինի, կլինի տաքսու մակարդակով, իսկ  քաղաքային տրանսպորտը, չեմ կարծում, որ կթանկացնեն։ Հիմքեր չկան։ Քաղաքային տրանսպորտը համայնքային սեփականություն է, մեր մուծած հարկերի և տուրքերի հաշվին են գնում այդ մեքենաները, և պարտադիր չէ, որ դրանք գերշահույթ ունենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։

Ինչ վերաբերում է տաքսիներին, ապա սակագնի փոփոխություն, մեր զրուցակցի խոսքով, հնարավոր է։

«Երեք դոմինանտ ընկերություն է ղեկավարում ամբողջ ոլորտը, ու գին պայմանավորվելն իրենց մոտ սովորական պրակտիկա է։ Ինչ մեր երկրում օրենքով արգելված է՝ իրենց ոնց որ թե դա չի վերաբերում»,- նշեց Վահագն Սահակյանը։

Անի Կարապետյան