Անկանոն դաշտանային ցիկլ. 6 առավել հավանական պատճառ
Advertisement 1000 x 90

Անկանոն դաշտանային ցիկլ. 6 առավել հավանական պատճառ

Steptohealth.ru-ն գրում է, որ դաշտանը հորմոնալ պրոցես է, որից էականորեն կախված է կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Որպես կանոն՝ այն տեղի է ունենում յուրաքանչյուր 28 օրը մեկ անգամ և կարող է տևել 3-6 օր՝ կախված կնոջ օրգանիզմում հորմոնալ ակտիվությունից։ Դաշտանի ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, որոնց վրա շատերն ուշադրություն չեն դարձնում, սակայն դրանք մեծապես ազդում են բեղմնավորման վրա։

Դաշտանային ցիկլի ցանկացած խանգարում վկայում է առողջության հետ կապված խնդիրների առկայության, կամ, նվազագույնը՝ հորմոնալ խանգարման մասին։ Իհարկե, ոչ բոլոր դեպքերում է խնդիրը կապված լուրջ հիվանդությունների հետ, սակայն խախտումների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ համոզվելու համար, որ օրգանիզմում բորբոքային պրոցեսներ չկան։ Դաշտանային ցիկլի խանգարման առավել տարածված 6 պատճառ։

  1. Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներ։ Որպես կանոն՝ սրանք դաշտանային ցիկլի խանգարման ամենատարածված պատճառներն են։ Այս օրգանը պատասխանատու է կարևոր հորմոնների արտադրության համար, այդ պատճառով գեղձի անհավասարակշռությունը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման։ Այս օրգանը, միևնույն ժամանակ, վերահսկում է էնդոկրին համակարգի, նյութափոխանակության աշխատանքը և սեքսուալ ակտիվությունը։
  2. Դադարել եք հակաբեղմնավորիչներ ընդունել։ Հաճախ այս դեղամիջոցների օգտագործումից հետո դաշտանն անկանոն է դառնում կամ առհասարակ դադարում է՝ հորմոնալ կտրուկ փոփոխությունների արդյունքում։
  3. Սթրես, հյուծող ֆիզիկական վարժություններ։ Հյուծող ֆիզիկական վարժությունները կարող են բացասաբար ազդել մակերիկամների, վահանաձև գեղձի, հիպոֆիզի առողջության վրա, ինչը հաճախ հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման։
  4. Հորմոնալ անհավասարակշռություն։ Հորմոնալ խանգարումները, որոնք կարող են հանգեցնել ձվարանների պոլիկիստոզ սինդրոմի, անկանոն դաշտանի հիմնական պատճառներից են։ Օրգանիզմում փոխվում է հորմոնների քանակը, ինչը կարող է առաջացնել այնպիսի տհաճ հետևանքներ, ինչպիսիք են անոմալ մազակալումը, ակնեն, քաշի կտրուկ տատանումները։
  5. Ալերգիա, որոշակի մթերքի յուրացման անկարողություն։ Որոշակի մթերքի յուրացման անկարողությունն ու սննդային ալերգիան կարող են ազդել պաշտանային ցիկլի պարբերականության վրա։ Դրանք բացասաբար են ազդում մակերիկամների ակտիվության վրա, առաջացնում են սթրես, հորմոն անհավասարակշռություն։
  6. Սննդարար նյութերի անբավարար քանակ։ Սխալ սննդակարգը կարող է բացասաբար ազդել վահանաձև գեղձի և մակերիկամների վրա։ Օրգանիզմում հակաօքսիդանտների, վիտամինների, հանքանյութերի, պրոբիոտիկների անբավարար քանակը մեծացնում է կորտիզոլի մակարդակը, հանգեցնում հիպոթիրեոզի, հոգնածության։ Կորտիզոլի բարձր մակարդակը ոչ միայն սրում է սթրեսը, այլև ճնշում մի շարք կարևոր հորմոնների ակտիվությունը։

Հիշեք, որ դաշտանային ցիկլի անկանոն լինելու դեպքում հարկավոր է, որքան հնարավոր է, շուտ դիմել բժշկի, հասկանալ, թե որ գործոններն են դրա պատճառը, և համապատասխան գործողություններ ձեռնարկել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը