Femen-ում հայտարարել են շարժման կազմալուծման մասին
Advertisement 1000 x 90

Femen-ում հայտարարել են շարժման կազմալուծման մասին

Femen-ի ակտիվիստուհի Յանա Ժդանովան հայտարարել է, որ Ուկրաինայում շարժումն այլևս գոյություն չունի: Այդ մասին պատմել է «Ապաթարց» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 23-ին:

«Բոլորը բաժանվեցին, ինչպես նավերը ծովում: Թիմը, որն առաջ կար, արդեն չկա»,-հայտնել է Ժդանովան: Նրա խոսքով՝ առանձին ակցիաներ տարբեր երկրներում դեռևս անցկացվում են, սակայն այդ գործունեությունը Femen-ի հետ ընդհանուր քիչ բան ունի:

Ակտիվիստուհին նաև նշել է, որ շարժման կազմալուծումն սկսվեց 2015 թվականից, երբ նրանում հայտնվեցին «ինքնահռչակ» առաջնորդներ:

«Մենք ավարտեցինք ճիշտ այնպես, ինչպես մյուս դասական ֆեմինիստական կազմակերպությունները, բոլորը գժտվեցին»,-եզրափակել է նա:

Femen-ը պաշտոնապես չգրանցված կանանց շարժում է (հիմնականում Ուկրաինայից ժամանածների), որը հայտնի է սկանդալային գործողություններով: Որպես կանոն, հասարակական տարբեր միջոցառումների վրա ուշադրություն գրավելու նպատակով  ակտիվիստուհիներն օգտագործում են իրենց մերկ մարմինը: Գործում է 2008 թվականից: Առաջին ակցիաներն անցկացվել են առավելապես Կիևում, 2012 թվականից խումբն ակտիվությունը տեղափոխել է եվրոպական երկրներ: Շարժման հիմնադիրներն Էին Աննա Գուցոլը, Ալեքսանդրա Շևչենկոն և Իննա Շևչենկոն:



Նման նյութեր