Հայագիտական, բնագիտամաթեմատիկական մասնագիտություններով շատ ուսանող ունենալու համար պետք է ունենանք ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում․ կրթության փորձագետ
Advertisement 1000 x 90

Հայագիտական, բնագիտամաթեմատիկական մասնագիտություններով շատ ուսանող ունենալու համար պետք է ունենանք ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում․ կրթության փորձագետ

Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում:

Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակն է՝ դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռելը՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը:

Նոր կարգավորմամբ նախատեսվում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առցանց հայտագրում և հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը՝ միասնական քննությունների հանձնում:

Ինչպես նախորդ տարիներին, նոր կարգավորմամբ նույնպես, միասնական քննություններ տեղի կունենան նաև ամռանը` հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ամռանը քննություններ հանձնելու համար տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտողները, ինչպես նաև նախորդ տարիների շրջանավարտները պետք է իրականացնեն քննական առարկաների առցանց հայտագրում:

Օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտածները, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները քննական առարկաների առցանց հայտագրում կարող են իրականացնել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ քննությունները կկազմակերպվեն հուլիսի առաջին տասնօրյակում:

Հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները կարող են մասնակցել մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլին, որն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածը:

Դիմորդը կարող է առցանց հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք քննություններից ունեն դրական գնահատականներ:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բուհեր ընդունվողների թիվն էապես պակասել է, սրան գումարած՝ շատերը չեն կարողանում հաղթահարել քննությունների շեմը, որովհետև կրթության ընդհանուր որակն է պակասել։

«Այս երկու գործոնով պայմանավորված՝ ուսանողների թիվը պակասում է, ու սա արվում է նրա համար, որ ուսանողների թիվը հնարավորինս շատանա։ Մյուս կողմից էլ՝ դա նպաստելու է նրան, որ այն մասնագիտությունները, որոնցով առանց այն էլ մրցույթը բարձր էր՝ լինի իրավաբանություն թե տնտեսագիտություն, միևնույն է, ով էլ որ ավարտի՝ կգնա այդ մասնագիտությունների գծով, բուհերն էլ ստիպված կլինեն ընդունել, որպեսզի ուսանող ունենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ որոշումը չի նպաստի ցանկությանը, որը հայագիտական, բնագիտամաթեմատիկական մասնագիտություններով շատ ուսանող ունենալն է։

«Դրա լուծման ձևն այն է, որ առաջնահերթ մասնագիտություններով ունենանք ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում, այսինքն, անվճար սովորեն»,- նշեց կրթության փորձագետը։

Մեր դիտարկմանը, թե շատ է խոսվում այն մասին, որ ավելի լավ է անվճար ընդունվեն բուհեր, 6 ամիս անց քննություն հանձնեն, նոր հասկանան՝ ով բուհում կշարունակի սովորել, ով՝ ոչ, Ատոմ Մխիթարյանը նկատեց․

«Արևմտյան բուհերում հենց այդպես էլ կազմակերպվում է։ Որևէ տեղ պետությունը չի խառնվում շրջանավարտի և բուհի գործերին։ Բուհը, դպրոցի ավարտական քննությունների արդյունքները հաշվի առնելով՝ հայտարարում է նվազագույն շեմը, որով կարող է ցանկացած շրջանավարտ ընդունվել տվյալ ուսումնական հաստատություն։ Եթե մարդիկ հավաքում են համապատասխան բալեր՝ կարող են գնալ և նստել իրենց ուզած մասնագիտության բաժնում։ Առաջին, երկրորդ կիսամյակից հետո եթե չեն կարողանում սովորել՝ դուրս են մնում ու բնական ընտրություն է տեղի ունենում, ոչ թե այսպես արհեստական։ Այս պարագայում, եթե ընդունվում են, համալսարանը շահագրգռված չի լինում հանել նրանց, քանի որ ընդունվում են վճարովի համակարգ՝ վճարում են, իսկ դրանից կախված է լինում համալսարանի ճակատագիրը»։

Անի Կարապետյան