Երեկ` հունվարի 22-ին, դերասանուհի Անուշկա Մարգարյանը նշում էր ծննդյան 28-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ին պատմել է ծննդյան անակնկալների և ամենամեծ ցանկության մասին:
Հարցին, թե ինչ է ի՞նքն իրեն մաղթում, Անուշկան ժպիտով նշեց.
«Իհարկե, տոնական տորթի մոմերը փչելիս մտապահեցի երազանք, որի մասին չեմ բարձրաձայնի, քանի որ հավատում եմ, որ երազանքներիդ մասին պետք է պատմես միայն Արարչին ու նա էլ որոշի, թե որը կատարի: Ինչ վերաբերում է ցանկություններիս, ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ: Ինձ մոտ ամեն բան մեծ դժվարությամբ է իրականանում, անգամ մանր բաների հասնելու համար մեծ էներգիա պետք է ծախսեմ: Չեմ ասի, թե շատ անհաջողակ եմ, բայց հաստատ հաջողակ մարդ էլ չեմ: Դրա համար ինքս ինձ շատ կոնկրետ մաղթանք ունեմ»:
Դերասանուհին իր ամենամեծ ձեռքբերումը մարդկային աճն է համարում, բայց չի բավարարվում այնքանով, ինչ ունի.
«Տարիներ առաջ ես Կապանում թողեցի ամեն ինչ ու եկա Երևան, քանի որ շատ էի ուզում բարձրագույն կրթություն ստանալ: Իհարկե, դեռ այն ժամանակվանից ցանկություն ունեի դերասանուհի դառնալու, բայց ծնողներս թույլ չտվեցին ընդունվել Թատերական ինստիտուտ: Տարիների ընթացքում շատ պատահական հայտնվեցի այս ոլորտում ու հասկացա, որ մարդ ամեն ինչի կարող է հասնել, միայն թե շատ ցանկանա: Հիմա ինքս ինձնով ուրախ եմ, որ հասել եմ այս կետին, ձեռքբերում եմ համարում, որ հոգեպես մեծ աճ եմ գրանցել, միաժամանակ հասկանում եմ նաև, որ այս ամենը դեռ շատ քիչ է ու ես առաջ պետք է շարժվեմ: Այնպես որ ինքս ինձ բարեմաղթանքներ հղելիս նաև այս առումով եմ հաջողություն մաղթում»,- հավելեց դերասանուհին:
Վերջին ամիսներին հաճախ քննարկվեց նաև դերասանուհու անձնական կյանքը: Երկար ժամանակ Անուշկան ու շախմատիստ Ավետիք Գրիգորյանը չէին թաքցնում իրենց սերը, սակայն ամիսներ առաջ քննարկվեց նրանց բաժանության լուրը, որին զույգերից և ոչ մեկը մեկնաբանություն չտվեց: Այս թեմայի շուրջ խոսելիս` Անուշկան կրկին հերքմամբ կամ հաստատմաբ հանդես չեկավ, միայն նշեց.
«Ես դեռ պատրաստ չեմ այդ թեմայի մասին խոսել, երբ զգամ որ պատրաստ եմ, կխոսեմ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am