Սահմանադրական իրավունքի վրա անկախ Հայաստանի գաղափարը ծագել է Հնդկաստանի հայ վաճառականների մոտ։ 1788-1789-ին, ֆրանսիական հեղափոխության նախաշեմին, Շահամիր Շամիրյանը հրատարակում է «Որոգայթ Փառաց» գիրքը, որտեղ այդ գաղափարն էր առաջ տանում։ Իսկ մինչ այդ Մադրասում Մովսես Բաղրամյանը սկսում է տպագրել «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ»։
Ինչու սահմանադրության վրա հիմնված անկախ հանրապետության գաղափարը ծագել է հենց վաճառականների գլխում։ Նախ փորձենք հասկանանք, թե ովքեր էին հայ վաճառականները։
Պարսից Ծոցից դեպի Տրապիզոն առևտրային ճանապարհին գտնվող Նախիջանի Ջուղա քաղաքի վաճառականներին Շահ Աբասը տեղափոխում է Սպահան, սկզբնական փուլում նրանց է տրամադրում 70 000 թուման, միջազգային առևտրում դրանք «պտտելու» ու իրեն եկամուտներ ապահովելու համար, իսկ նրանց ընտանիքներին, որպես երաշխիք, Սպահանում պատանդ պահելով։
Հայ վաճառականներն, ըստ էության, շահի առևտրական գործակալներն էին, որոնց տանիքը Պարսկական պետությունն էր, իսկ նախնական գումարը շահի պալատի կապիտալն էր։
Հետագայում, երբ Պարսկաստանը սկսեց անկում ապրել, իսկ Հնդկաստանում հայտնվեցին ֆրանսիացիները, հոլանդացիները, պորտուգալացիներ, հետո բրիտանացիները, հայ վաճառականները մնացին առանց պետական տանիքի, և, բնականաբար, հասկացան, որ պետք է սեփական պետական տանիքն ունենան։ Պարսկաստանի անկումը կանխորոշեց հայ վաճառականների դերի անկումը։
Իմիջիայլոց, Արևելա-բրիտանական առևտրային ընկերության դրոշը հետագայում դարձավ ԱՄՆ դրոշը, որովհետև ամերիկացիները, սկզբնական շրջանում, Բրիտանիայից անկախություն չէին պահանջում, այլ երազում էին այդ ընկերության չափ ինքնավարություն ունենալ, որն այդ ժամանակ պետություն էր պետության մեջ։
Հնդկաստանի ու Պարսկաստանի հայ վաճառականները նաև հմուտ դիվանագետներ էին ու միջազգային քաղաքականության մեծ դերակատարություն ունեին։ Այդ ժամանակ առևտրային ընկերությունների ինքնուրույնությունն համադրելի էր այսօրվա տրանսազգային ընկերությունների դերին, գուցե ավելին։
Այսինքն, հայ վաճառականների մոտ պետության պահանջարկն առաջացավ իրենց կապիտալը որևէ ապահով տեղ տեղավորելու համար, իսկ նման տեղ կարող էր լինել սեփական պետությունը։
Ինչի սա հիշեցի։ Ռուսաստանի ու Ոիկրաինայի հայկական կապիտալն այսօր նմանատիպ իրավիճակում է հայտնվել։ Ժամանակակից բիզնեսի վրա հիմնված, առաջավոր տեխնոլոգիաներով ընկերություններն այսօր Ռուսաստանում խնդրի առաջ են հայտնվել։ Նման կապիտալը պահանջում է կայուն պետություն, որտեղ հարգվում է սեփականության իրավունքը, քաղաքական համակարգը ժողովրդավարական է, որտեղ կան հստակ խաղի կանոններ և կախված չէ տվյալ պահի իշխանության քմահաճույքներից։
Պետությունը սպասարկում է իր քաղաքացիների սեփականությունն ու անվտանգությունը, նաև ապահովում է կայուն խաղի կանոններ ու կանխատեսելի ապագա, ինչպես նաև ազգային կապիտալի անվտանգություն։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից