Ռուս հանրահայտ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կոչ է արել շատ ուշադիր լինել միզամուղ դեղորայքի գործածության դեպքում՝ ընդգծելով, որ դրանք կարող են պոտենցիալ վտանգավոր լինել սրտամկանի համար, գրում է medikforum.ru կայքը։
Մասնագետը խորհուրդ է տվել խուսափել միզամուղ միջոցների ինքնուրույն գործածությունից, եթե չկա բժշկական ցուցում, քանի որ նման դեղորայքի սխալ գործածությունը կարող է հանգեցնել վտանգավոր, այդ թվում՝ մահացու խանգարումների զարգացման։
«Այս դեղամիջոցները երկար և սխալ ընդունելու դեպքում բարձր է առիթմիայի զարգացման և կալիումի կորստի վտանգը, իսկ այս տարրը հարկավոր է սրտամկանի ճիշտ աշխատանքի համար», – նշել է Մյասնիկովը՝ ընդգծելով, որ նման դեպքերում կարող են սրտանոթային համակարգի լուրջ խանգարումներ զարգանալ։
Բժիշկը նաև նախազգուշացրել է, որ միզամուղ դեղամիջոցի ընդամենը մեկ հաբը կարող է նպաստել մոտ չորս լիտր հեղուկի կորստին, իսկ հեղուկի նման զգալի քանակության հետ օրգանիզմը նաև բավական շատ կալիում և այլ էլեկտրոլիտներ է կորցնում։ Սա կարող է հանգեցնել մահացու ախտաբանական վիճակի զարգացման, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել։
«Ջղաձգումներ կսկսվեն, իսկ ժամանակին չօգնելու դեպքում մարդը կարող է մահանալ», – ընդգծել է մասնագետը՝ հավելելով, որ միզամուղ դեղամիջոցների ընդունման ընթացքում այս հանքանյութի քանակը լրացնելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը դրա աղբյուրներով, այդ թվում՝ լոլիկով, նարնջով, բանանով, կարտոֆիլով (չկեղևազրկած) և այլն։