Իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ օգնում է պայքարել առողջական տարբեր խնդիրների դեմ, կանխում է վարակումներն ու արագացնում է ապաքինումը։ Այս համակարգի թուլացումը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ այս դեպքում օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարբեր վիրուսների, բակտերիաների և վտանգավոր հիվանդությունների այլ հարուցիչների նկատմամբ, սակայն քչերին է հայտնի, որ իմունիտետի թուլացումը կարող է պայմանավորված լինել մարդու սխալ սննդակարգով։
Ինչպես նշել է բժիշկ-թերապևտ Օլեգ Աբակումովն իր թելեգրամյան ալիքում, օրգանիզմի իմունային պաշտպանության մակարդակի նվազմամբ պայմանավորված հաճախակի մրսածության պատճառ կարող է լինել մեծ քանակությամբ աղի, շաքարի, արագ սննդի ու պահածոյացնող նյութերի գործածությունը սննդակարգում։ Մասնագետի կարծիքով՝ շատերի համար սովորական դարձած այս մթերքի չարաշահումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։ Օրինակ՝ շաքարը կարող է դառնալ ոչ միայն շաքարային դիաբետի, այլև օրգանիզմում բորոբոքային գործընթացների զարգացման պատճառ։
«Աղը կբարձրացնի զարկերակային ճնշումն ու կոչնչացնի իմունիտետը երիկամներում հեղուկի կուտակման հետևանքով։ Ավելորդ աղ պարունակող արագ սնունդը կբարձրացնի բորբոքային ցիտոկենների մակարդակն ու կխանգարի աղիների միկրոբիոմը», – շեշտել է Աբակումովը։
Նա նաև ընդգծել է, որ սննդակարգից հարկավոր է բացառել տապակած մթերքը, որը ոչնչացնում է հակաօքսիդանտները, ինչպես նաև հրաժարվել պահածոյացնող նյութեր պարունակող մթերքից, որը ճնշում է օրգանիզմի պաշտպանական գործառույթները։