«2020թ․ պարտությունը Վահանը խելագարության աստիճան ծանր էր տանում: Մեր վերջին բոլոր խոսակցություններում անհամբեր լավ լուրերի էր սպասում». Ավետիք Իշխանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«2020թ․ պարտությունը Վահանը խելագարության աստիճան ծանր էր տանում: Մեր վերջին բոլոր խոսակցություններում անհամբեր լավ լուրերի էր սպասում». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՉՀԱՐՄԱՐՄԱՐՎՈՂԸ

Առավոտյան իմանալով եղբորս՝ Վահանի մահվան գույժը, ցնցվեցի․․․Երկար ժամանակ անբուժելի հիվանդությունը քայքայել էր նրան, բայց հրաշքի էինք սպասում։

Տեսնելով անկեղծ ցավակցական խոսքեր, մի փոքր ուշքի գալով, որոշեցի եղբորս հիշատակին ես նույնպես երկու խոսք ասեմ։

Վահանը մեր տան կրտսերն էր, ինձնից 9 տարի փոքր։Փոքր տարիքից նա աչքի էր ընկնում, ոչ այնքան երեխայի չարությամբ, որքան բուռն, ապստամբ ոգով, բոլորին և ամեն ինչին հակադրվելով։ Դպրոցի ցածր դասարանում, ուսուցչուհին բողոքել էր մորս։

Ուսուցչուհին եղբորս ոտքի է կանգնեցրել և պահանջել նախադասություն կազմել, ինչ-ինչ տարրերով։ Վահանը պատասխանել էր․

-Անկարգ աշակերտը գնաց զուգարան։

Հայկական ավանդական ընտանիքում թերևս անհասկանալի է, բայց կյանքումս ամենաշատ անհամաձայնություններ և վեճեր ունեցել եմ Վահանի հետ։ Նրա համար չկային անվերապահ հեղինակություններ, ընդվզում և կոտրում էր բոլոր կարծրատիպերը։

Վահանն իր ողջ կյանքում չհարմարվեց ոչնչի։ Լինելով տաղանդավոր լրագրող, ուր ընդունվում էր աշխատանքի, կարճ ժամանակ անց չհամակերպվելով տիրող հարմարվողականության և անարդարության հետ, գժտվում, հեռանում էր։

2020թ․ պարտությունը Վահանը խելագարության աստիճան ծանր էր տանում։ Մեր վերջին բոլոր խոսակցություններում անհամբեր լավ լուրերի էր սպասում։

Ծանր է կորուստը։

Շնորհակալ եմ բոլորին, ցավակցությունների համար»։