Հայկական էստրադայի ամենավառ երգչուհիներից մեկի՝ Վարդուհի Վարդանյանի «Только ты» երգը ժամանակին իսկապես մեգահիթ էր: Այն սիրում ու լսում էին բոլորը և անգամ վիճում էին՝ իսկապե՞ս Վարդուհին է երգում, որովհետև Վարդուհու ռուսերենն անթերի էր:
Սիրված երգի հիման վրա նաև տեսահոլովակ նկարահանվեց, ցավոք, արդեն երգչուհու հետ տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո: Իսկ թե ով էր գրել երգը, այդպես էլ շատ քիչ մարդ իմացավ:
Երգի ստեղծման պատմության, այն Վարդուհուն վստահելու մասին BlogNews.am-ը զրուցել է երգի բառերի ու երաժշտության հեղինակ Արմեն Աշոտյանի հետ:
«Անկեղծ խոստովանեմ՝ Վարդուհու երգը սկզբում բոլորովին ուրիշ, էլի շատ հայտնի երգչուհի պիտի երգեր, սակայն ժամանակային առումով նա այդպես էլ ոչ մի կերպ չէր հասցնում անդրադառնալ երգին, և ահա 2005թ. ձմեռային «Բազեի» փակման ժամանակ գալահամերգ էր պատրաստվում, որին պետք է ներկա լինեին երկրի նախագահը, վարչապետն ու պաշտպանության նախարարը:
Ու քանի որ իմ բաղաձայն կատարմամբ Վարդուհին արդեն լսել էր այդ երգը, որոշեց, որ պետք է հենց դա էլ կատարի: Երբ համերգից հաշված ժամեր առաջ արդեն պատրաստ էր ձայնագրությունը, երգիչ-երգչուհիների հետ լսեցինք, ու ես շշմեցի, թե որքան լավ ստեղծագործություն է ստացել Վարդուհին ու որքան զգացմունքային է նա այն կատարել: Ահա այդպես էլ 2005թ. Ծաղկաձորում տեղի ունեցավ այդ երգի պրեմիերան: Շատ հուզված էի, մինչև հիմա հիշում եմ՝ որքան ջերմ հանդիսատեսը ընդունեց երգը, իսկ Վարդուհին էլ բեմից ինձ շնորհակալություն էր հայտնում: Երբեք չէի մտածել, որ 90-ականների մոմի լույսի տակ գրված երգը մի օր բեմ դուրս կգա»:
Ամբողջությամբ՝ blognews.am