Ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Մկրտիչ Կարապետյանի վկայությունը հարազատներին կորցնելու, մոր դերձակագործության շնորհիվ փրկվելու և տարիներ անց ազատություն ստանալու մասին. ՄԻՊ-ը Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրածների պատմություններ.
«…Իսկական Տիգրանակերտը Ֆարղինն է, որը քսանհինգ կիլոմետր դեպի Արարատյան դաշտի կողմն է: Մեծն Տիգրան թագավորի պալատը էնտեղ է եղել, բայց երկրաշարժի պատճառով խորտակվել է:
Տիգրանակերտեն կերևար Արարատ լեռը: Հոնտեղեն կանցներ Տիգրիս գետը: Մենք բնիկ տիգրանակերտցի ենք: Ես ամեն ինչ լավ կհիշեմ, մանրամասնությամբ:
1915 թ. հանկարծակի մեզ աքսորեցին: Ես շատ փոքր էի, բայց կհիշեմ` որքան ժողովուրդ կար Տիգրանակերտի մեջ, հանեցին դուրս: Քեռիս, որ տասնհինգ տարեկան հազիվ կար, ինձ վերցրեց ուսերին: Մայրս ալ պուճուր եղբորս գիրկը առած` քայլում էր: Սրանք հիշում եմ լավ: Մեծ եղբայրս` Նշանը, որ ինձմե վեց տարով մեծ էր, ան ալ քայլում էր մեծ մորս ձեռքը բռնած: Քայլելու ժամանակ մեզի խփում էին գավազանով, մտրակով և սուրերով: Վերջապես էկանք, հասանք Դեր Զորի անապատի վերևի մասը` Մերդին քաղաքը, որտեղ գնացքը կուգար, Հալեպ կերթար: Անտեղ մեզ իջեցուցին, կանաչ դաշտ էր: Ներքևը ձոր կար: Մեզ` փոքրերիս ջոկեցին, իսկ մեծերին` տարին ձորի կողմը հերթ կայնեցրին. երեք-չորս հարյուր հոգիի չափ մեծեր էին, այդքան ալ երեխաներ էինք: Ուրեմն մեզ` էրեխեքիս կանաչ դաշտի վրա նստեցրին. մենք չգիտենք` ինչ պիտի ըլլա…
Մայրս իր հերթը խախտելով գալիս էր մեզի համբուրու՜մ, համբուրու՜մ, գնում էր: Մենք` ես, մեծ եղբայրս և փոքր եղբայրս, որը մեկ տարեկան էր, հեռվից տեսնում էինք մի շարան կանայք հերթի մեջ շարժվում են. մեր մայրը անոնց մեջն էր: Տունեն երբ էլանք, մեր մայրը ազգային տարազներով էր` թավիշ, ոսկեկար հագուստներով, գլուխը զարդարված էր ոսկեդրամներով, վիզը ոսկե շղթա կար, հագուստներուն մեջը երկու կողմը քսանհինգ-քսանհինգ ոսկի էր կարած` գաղտնի…
Վերջին անգամ, երբ մեր մայրը էկավ մեզի խենթի պես համբուրեց, կհիշեմ, արդեն միայն տակի ճերմակ ներքնազգեստով էր. ո՛չ զարդ կար, ո՛չ ոսկի կար, ոչ ալ թավիշե հագուստները…
Մենք` էրեխեքս, բանից անտեղյակ ենք: Էնտեղ բաներ մը կատարվում են, բայց չգիտենք ի՞նչ է կատարվում: Դու մի ըսեր` բոլորին հերթով հագուստները հանում էին, մի կողմի վրա շարում, բոլորին մերկացնում էին, կացինով գլուխը կտրում էին, նետում էին ձորը:
Մայրս վերջին անգամ էկավ մեզի նորեն համբուրեց, գնաց: Ամեն անգամ գալուն պահակին մի դեղին ոսկի կուտա եղեր, որ մեր մոտ գա, իր երեք փոքր երեխեքին տեսնելու, մեզի համբուրելու: Էդ միջոցին, որ մայրս մեզ մոտ էկավ վերջին անգամ մեզ համբուրելու, մեկ փաթըրթը մը էլավ, Աստված մի արասցե. դու մի ըսեր, զինված պարսիկները էկան էդ թուրք ժանդարմաներին սկսան կոտորել: Եվ մեզի բոլորիս ազատեցին: Մեզ` էրեխեքիս հետ նաև մայրս և մի քանի մեծեր, որոնց հերթը դեռ չէր հասած: Էդ ժամանակ պարսից շահը հրաման է արձակել, որ ով որ մի հատ հայ բերի` ըլլա երեխա, ըլլա մեծ թե փոքր` մեկ կարմիր ոսկի կստանա իրմէ` մարդ գլուխ: Էս պարսիկ զինվորները մեզի հավաքեցին, որ տանեն Պարսկաստան. շահին հրամանը պիտի կատարեն: Էկան որ պիտի տանեն մեզ, շարքով շարեցին: Էդ միջոցին մի փառավոր ծերուկ, մորուքը ծունկերին հասնող մարդ մը էկավ. անոր անունը շեյխ Աբդըլ Խազըր Գեյլանի էր: Էկավ պարսիկներուն ըսավ.
– Էս կանանց մեջ դերձակ չիկա՞:
Մայրս, որ հմուտ դերձակ էր, ըսավ.
– Ես դերձա՜կ եմ:
Փառավոր շեյխը ըսավ. – Աղջի՜կս, աս երեխաներուն ու՞ր կտանիս, արի վրաններու մեջ ման արի, Դեր Զորի շրջակայքում բնակվող արաբ կանանց հագուստ կկարես, անոնք քեզ ցորեն, ուտելիք կուտան:
– Հետո շուռ էկավ դեպի պարսիկ զինվորների մեծավորի կողմը, ըսավ.
– Սրանց ամեն մեկի համար մեյ-մեկ ոսկի պիտի առնեիր չէ՞ շահից, ա՛ռ, – ըսավ, հանեց չորս ոսկի տվավ, մեզի ազատեց:
Էն փառավոր շեյխը մեզի տարավ վրանների մեջ և ըսավ իր մարդոցը. – Եթե սրանց մազից մեկ թել պակսի, ձեր գլուխը կկտրեմ:
Մամաս կէրթար վրանների տակը արաբ կանանց կար կկարեր, ուտելիք կբերեր: Մի կերպ կապրեինք: Գիշերները մեզ հետ կպառկեր կռնակի վրա. փոքր եղբորս կուրծքին վրա կդներ, որ կաթ ուտի, արդեն կուրծք ալ չէր մնացած, որ ուտի, խեղճ մայրս թևերը բացած խաչվածի պես կպառկեր` մեկ թևին` իմ գլուխը, մյուս թևին` մեծ եղբորս գլուխը, պզտիկն ալ` կուրծքին վրա, որ մի բան չպատահի: Քանի որ չէր վստահում ոչ մեկին, աչքը վախեցած էր արդեն: Մայրս շա՜տ գեղեցիկ կին էր, օր մը էս շեյխի եղբայրը կսիրահարվի մորս: Մայրս` կհրաժարվի:
Նա կասի. – Եթե չհամաձայնես, քո երեխաներին պիտի սպանեմ:
Մայրս ըսավ. – Սպանե՛, միևնույն է, քեզ չե՛մ ուզի:
Այդ միջոցին մի մարդ գնաց լուր տվավ շեյխին: Շեյխը էկավ, ըսավ. – Սրիկա՜, ի՞նչ ես ուզում, ես սրանց բարիք արեցի մեղքացա, չորս ոսկի տվի ազատեցի, որ դուն սպանե՞ս: Ուրիշ աղջիկ չիկա՞, որ ամուսնանաս:
Հանեց ատրճանակը` թա՛խ-թա՛խ-թա՛խ, մեր աչքի առջևը սպանեց իր եղբորը:
Արդեն մայրս շատ նիհարցել էր, կուրծքը ցամքել էր, պզտիկ եղբայրս չդիմացավ` մեռավ: Լաթ մը չիկար, որ փաթաթեինք մեջը, թաղեինք: Մայրս իր ներքնաշորը պատռեց, մեջը ոլորեց, հողի մեջ թաղեցինք:
Հոն բավականին մնացինք` մինչև 1918 թիվը: Մինչ այդ` ներում էկավ, որ ամեն մարդ, ով կուզե, թող վերադառնա իր երկիրը: Մայրս մեկ հատ ուղտ մը առած էր, ադ ուղտը ծախեցինք, մի հատ էշ առինք, մեր ունեցած-չունեցածը վրան դրինք, մայրս ալ վրան նստավ, ելանք ճամփա դեպի Մերդին: Մերդինի ճանապարհին մամաս մեզի քովը կանչեց, ծնկի եկավ փոսի մը վրա, որուն մեջը շատ մը մարդկային ոսկորներ կային, հանեց, համբուրեց, մենք բան չհասկացանք, ըսինք.
– Դայե՜, ավչի՞ յա (Մա՜յր, այս ի՞նչ է), – հարցրինք քրդերեն, քանի որ մենք հայերեն խոսիլը մոռցեր էինք:
Մամաս ըսավ.
– Ասոնք մեր քույրերուն և եղբայրներուն նշխարներն են:
Վերջապես ադ էշով բարձրացանք Մերդին, որտեղեն գնացքը գնում էր Հալեպ: Էդ միջոցին մեզ հայտնեցին, որ ամերիկացիները էկած են, հայերուն կօգնեն: Մենք արդեն մարդկութենեն դուրս էլած էինք` մազերնիս երկարած, վրանիս կարգին հագուստ չիկա: Մեզի ըսին` տանե՞նք ձեզի Ամերիկա: Մայրս խելացի կին էր, բայց այդտեղը սխալվեց, հրաժարվեց…»
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 139, էջ 294-295»: