
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին մեղադրել է թագուհի Եղիսաբեթ Երկորդի եւ նրա ընտանիքի նկատմամբ հարգանքի բացակայության մեջ, ինչպես նաեւ այն բանի համար, որ նա ամուսնուն «օգտագործում» է իր նպատակների համար։
«Ես նրա երկրպագուն չեմ։ Եվ ի սկզբանե նրա երկրպագուն չեմ եղել։ Ես կարծում եմ՝ նա անհարգալից է վերաբերվում թագուհուն, այդ հիանալի կնոջը, այդ հիանալի մարդուն, պատմական անձին։ Ես կարծում եմ՝ նա անհարգալից է վերաբերվում թագավորական ընտանիքին, բայց որ ամենակարեւորն է՝ թագուհուն»,- GB News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Բացի այդ՝ Թրամփը ենթադրել է, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը շուտով կբաժանվեն։ Նրա խոսքով՝ բաժանման պատճառ կարող է դառնալ այն, որ Մեգանն ուշադրություն կդարձնի այլ տղամարդու։ Սակայն կնոջից կարող է հեռանալ նաեւ արքայազն Հարին, որին կհոգնեցնի այն, որ Մեգան Մարքլը մշտապես հրամայում է նրան։