Աղջիկները հերքում են, որ հարձակվել են Արցախի հերոսի մոր վրա. տնօրենը մանրամասներ է հայտնում. lurer.com
Advertisement 1000 x 90

Աղջիկները հերքում են, որ հարձակվել են Արցախի հերոսի մոր վրա. տնօրենը մանրամասներ է հայտնում. lurer.com

Էլենն ու Ջեմման վատ վարքով երբևէ աչքի չեն ընկել, գրավոր նկատողություն, անգամ, չեն ստացել: Այսօր առաջին անգամ էին նրանք գտնվում իմ աշխատասենյակում: Բոլորս զարմացած ենք կատարված միջադեպից, բայց աղջիկները հերքում են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե վերոնշյալ դպրոցի աշակերտուհիները դանակով հարձակվել են Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր՝ Լիդա Առուշանյանի վրա:

Մեր այն հարցին, թե արդյոք ուսուցիչները աղջիկների մոտ երբևէ նկատել են դանակ կամ որևէ սառը զենք, տնօրենը հավաստիացրեց՝ նման բան չի եղել.

«Փոխտնօրենն ու դասղեկները դաստիարակության գծով պարբերաբար ստուգում են բոլորի պայուսակները, վստահեցնում եմ՝ աշակերտներից որևէ մեկի մոտ չի հայտնաբերվել ինչ-որ սառը զենք կամ դանակ: Նրանց մասնակցությամբ միջադեպ չի եղել երբեք, իրենք էլ վարքով աչքի չեն ընկել, սուսուփուս, համեստ աղջիկներ են: Առավոտյան, երբ ոստիկանությունից զանգ ստացանք, հրավիրեցինք աղջիկների ծնողներին, նրանք էլ մեզ պես զարմացած էին»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, արդյոք եղել են դեպքեր, երբ աղջիկները պատասխանեն ուսուցիչներին կամ լեզվակռվի մեջ ընկնեն, մեր զրուցակիցն ասաց.

«Դասղեկները իրենց վարքագծում կամ խոսակցականում չկարողացան նման որևէ դեպք վերհիշել, բայց թե դրսում իրենց ինչպես կդրսևորեն, չեմ կարող ասել»,-ընդգծեց նա:

Վերջինս հայտնեց, որ աղջիկներից մեկը՝ Էլենը, հիվանդ էր և այսօր դպրոց չէր հաճախել. «Գրիպոզ վիճակ է մոտը, նույնիսկ այսօր դասի չէր եկել, բայց ծնողը նրան այդ վիճակով բերեց դպրոց: Էլենն ասաց, որ ինքը տանից դուրս չի եկել, մնացածը ոստիկանությունը կպարզի»,- ասաց Մարգարիտա Քուշկյանը:

Հարցին, արդյոք դպրոցում ունեն Արցախից բռնի տեղահանված աշակերտներ, երբևէ նկատել են Էլենի և Ջեմմայի կողմից հատուկ վատ վերաբերմունք այդ աշակերտների հանդեպ, տիկին Մարգարիտան բացառեց դա.

«Մենք այն դպրոցներից ենք, որ 44-օրյա պատերազմից հետո 115 արցախցի երեխա ենք ընդունել մեր դպրոց և բոլորին շատ լավ վերաբերմունքի ենք արժանացրել, ինչ կարողացել, արել ենք, որևէ հատուկ վերաբերմունք այդ երեխաների հանդեպ Էլենի և Ջեմմայի կողմից չենք նկատել»,- ընդգծեց նա:

Վերջինս անդրադառնալով տեղեկության մեջ տեղ գտած այն հատվածին, թե աղջիկներից մեկը տիկին Լիդային սպառնացել է իր հայրիկով, որը, ըստ այդ աղջկա, մեծ հեղինակություն է վայելում, տնօրենն ասաց, որ երկուսն էլ սովորական ընտանիքից են.

«Ուղղակի մեծախոսություն են արել»,- եզրափակեց տիկին Քուշկյանը:

Զվարթ Պետրոսյան