Ազատագրական շարժումը նոր նախաձեռնություն է սկսել՝ «Ազատագրում այլասերումից»։ Հանրապետության հրապարակում, հերթական ակցիայի իրականացման ընթացքում, շարժման անդամ Արա Զոհրաբյանը պարզաբանելով, թե ինչու են նախաձեռնությունն անվանել «Ազատագրում այլասերումից», ասաց․ «Դուք լավ գիտեք, որ 2018թ․-ից այլասերվածության հետ կապված նոր քաղաքականություն սկսեց իրականացնել այս իշխանությունը։ Այդ ընթացքում մենք ականատեսը եղանք մի շարք իրադարձությունների», փոխանցում է Panorama.am-ը:
Նա հիշեցրեց, որ իշխանության գալուց հետո սկսեցին վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որն իբրև ընտանեկան պաշտպանությանն է վերաբերում։
«Խնդիրը կայանում է նրանում, որ այդ կոնվենցիայով «ընտանիք» հասկացության մեջ տեղ էին գտել «զուգընկերներ» նոր հասկացությունը։ Այդ կոնվենցիայից ենթադրում էր նոր սեռ՝ «սոցիալական սեռ» հասկացությունը։ Այսինքն՝ տղամարդը կարող էր որոշել, որ ինքը կին է և հասարակությունը պետք է այդ տղմարդուն ուներ որպես կին։ Եթե մեկն ասում է՝ «ես Նապոլեոնն եմ», իրեն տանում են հոգեբուժարան, իսկ եթե մի տղամարդ ասում է՝ « ես կին եմ», իր իրավունքներն են պաշտպանում»,- ասաց Զոհրաբյանն ու ընդգծեց, որ այս կոնվենցիայի դեմ տասն ամիս շարունակ շուրջ 75 հազար ստորագրություն է հավաքվել, որն էլ զսպել և ճնշել է այս իշխանության ախորժակը։