Ինչպե՞ս կարող է ցածր ճնշումը մահվան հանգեցնել
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարող է ցածր ճնշումը մահվան հանգեցնել

Ինչո՞ւ է արյան ճնշման հանկարծակի անկումը վտանգավոր եւ տոնոմետրի ո՞ր ցուցանիշների դեպքում է պետք շտապ օգնություն կանչել: Այս մասին իր կարծիքն է հայտնել սրտաբան Զաուր Շուգուշեւը (Ռուսաստան)։

Ria.ru-ի փոխանցմամբ՝ արյան ճնշման նորմա է համարվում 120/80-ը, սակայն իրականում նորմալ ճնշման սահմանները, ըստ սրտաբանի, ավելի լայն են. նորմալ ճնշման ստորին սահմանը 90/60-ն է, իսկ վերին սահմանը՝ 140/90-ը:

Ինչպես գիտեք, արյան ճնշման կտրուկ աճը չափազանց վտանգավոր է եւ կարող է սրտի կաթված կամ ինսուլտ առաջացնել։ Այնուամենայնիվ, ճնշման հանկարծակի անկումը նաեւ լուրջ ռիսկերով է հղի, քանի որ դա ներքին օրգանների արյան մատակարարման խախտում է ենթադրում եւ դրանով իսկ անուղղելի վնաս է պատճառում սրանց:

«90/60-ից ցածր ճնշումը վտանգավոր է, քանի որ նման իրավիճակում որոշ օրգանների և հյուսվածքների արյան մատակարարումը խախտվում է։ Նորմայից ցածր ճնշման հանկարծակի անկման դեպքում տեղի է ունենում մարմնի թերսնուցում: Առաջին հերթին ուղեղն է տուժում, որի պատճառով մարդը կարող է ուշաթափվել։ Հետո նկատվում է սրտի, երիկամների և լյարդի աշխատանքի խախտում»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ թուլության, գլխապտույտի, շարժումների կոորդինացման խանգարման դեպքում խորհուրդ է տրվում չափել ճնշումը։ Եթե ​​տոնոմետրի ցուցանիշները 85/60-ից ցածր են, ապա անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել, քանի որ կան հիվանդություններ, որոնք արագ զարգանում են հիպոտոնիայի ֆոնին։

«85/60-ից ցածր ճնշման դեպքում ամեն ինչ շատ արագ է զարգանում։ Եթե ​​ժամանակին շտապ օգնություն չկանչեք, այդ վիճակը կարող է նույնիսկ մահով ավարտվել, ամեն ինչ կախված է սկզբնական պատճառից, որը ճնշման անկում է առաջացրել»,- ասել է Շուգուշեւը։

news.am