Արդեն մի քանի օր է, ինչ «Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Մարտունի համայնքի Վարդենիկ եւ Ներքին Գետաշեն գյուղերի վարչական սահմաններում գտնվող համայնքներում, մեկնարկել են ծառատնկման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը, 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տնկել շուրջ 5000 ծառ՝ հիմնականում բարդի, որոշակի հատվածներում՝ նաեւ սոճի։
«Արդեն մեր աշխատակիցների ուժերով Վարդենիկի եւ Ներքին Գետաշենի հատվածներում տնկվել է շուրջ 1000 ծառ: Ծառատունկը կավարտենք առաջիկա 10 օրերի ընթացքում։ Բացի այդ, նախատեսել ենք «Սեւան» ազգային պարկի տնկարանից շուրջ 3000 ծառ տրամադրել Գեղարքունիքի մարզպետարանին եւ մարզի համայնքներին՝ բնակավայրերի ներսում կամ ճանապարհաեզրերին ծառատնկումներ կատարելու նպատակով: Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում տնկված ծառերը եղել են կենսունակ, իսկ այս տարի թարմացվում են չորացած կամ նորմալ զարգացում չապահոված տնկիները։ Ծառերի խնամքն ու պահպանությունը գտնվում են մեր աշխատակիցների ամենօրյա հոգատարության ներքո»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։