Դալլաքյանը՝ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերությունների և համագործակցության մասին
Advertisement 1000 x 90

Դալլաքյանը՝ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերությունների և համագործակցության մասին

«Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ շարքերը լքելու որոշմանը, նշեց. «Դա պարոն Աբրահամյանի անձնական որոշումն է և մեկնաբանություններ կարող է նա տալ: Ես ընդամենը կարող եմ ասել, որ մենք մշտապես համագործակցել ենք ԱԺ-ում աշխատելու տարիներին: 1995 թվականից սկսած մեկ աշխատել ենք պետաիրավական հանձնաժողովում և այդ տարիներից մինչ օրս ունենք մարդկային շատ ջերմ հարաբերություններ»:

Հարցին՝ եթե Աբրահամյանը ցանկություն հայտնի համագործակցել քաղաքական այլ ուժերի՝ այդ թվում իրենց դաշինքի հետ, որը կլինի նրա դիրքոշումը, վերջինս պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այդ հարցին պարոն Աբրահամյանը պետք է պատասխանի, ոչ թե ես: Երբ կլինեն համապատասխան պարզաբանումներ, դիրքորոշումներ, դրանից հետո ես կարող եմ իմ գնահատականը տալ: Կրկնում եմ՝ մենք մշտապես համագործակցել ենք ԱԺ-ում և ունենք մարդկային ջերմ հարաբերություններ՝ անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից, որոնք երբեք չեն ազդել մեր հարաբերությունների վրա»,-ասաց Դալլաքյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու որոշում է կայացրել: Աբրահամյանը խոստացել է, որ վաղը կհայտարարի այդ մասին: Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդարանական ընտրություններին Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն», Վարդան Օսկանյանի՝ «Համախմբում»-ն ու Արամ Գ. Սարգսյանի «Դեմոկրատական» կուսակցությունը հանդես են գալու դաշինքով: