Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է սոցիալական հաղորդակցությունների ժամանակակից միջոցների բոլոր օգտատերերին՝ շեշտը չդնել բացառապես վատ նորությունների վրա և հրաժարվել այն տրամաբանությունից, ըստ որի լավ նորությունն ընդհանրապես նորություն չէ:
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է խզել տագնապի արատավոր շղթան և կասեցնել վախի զսպանակը, սովորույթի պտուղ է ուշադրությունը վատ նորությունների (պատերազմների, ահաբեկչության, սկանդալների և մարդկանց տարբեր ձախողումների) վրա կենտրոնացնելը»,-ասված է պապի՝ Կաթոլիկների սոցիալական հաղորդակցությունների 51-րդ համաշխարհային օրվա առթիվ հղած ուղերձում, որը հունվարի 24-ին ներկայացվել է Վատիկանում:
Ընդգծելով նոր հաղորդակցական տեխնոլոգիաների հսկայական ներուժը, որոնք հսկայական թվով մարդկանց թույլ են տալիս ակնթարթորեն տարածել տեղեկատվությունը, քահանայապետը «կառուցողական հաղորդակցման» կոչ է արել՝ հիմնված նախապաշարումներից հրաժարվելու վրա, այնպիսի հաղորդակցման, որը թույլ է տալիս «սովորել իրականությանը նայել գիտակցված վստահությամբ»:
Այդ կապակցությամբ Ֆրանցիսկոսը նշել է, որ, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է տեղի ունեցողի նկատմամբ մարդկանց տեսակետից, այն «ակնոցից», որը նրանք իրենց համար ընտրում են իրականությունը հասկանալու համար: Նրա խոսքով՝ քրիստոնյաների համար իրականությունը հասկանալու ամենահարմար «ակնոցը» չի կարող լինել ոչ այլ ինչ, քան լավ նորությունը՝ սկսած Հիսուս Քրիստոսի մասին աստվածաշնչյան ավետիսից: Զուր չէ, որ որպես իր ուղերձի բնաբան, պապն ընտրել է Եսայի մարգարեի գրքից «Մի վախեցիր, քանզի Ես քեզ հետ եմ» խոսքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: