Դժվար թե վստահեի մի մարդու, ով հանրային ճանաչում ունի. Իննա Խոջամիրյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դժվար թե վստահեի մի մարդու, ով հանրային ճանաչում ունի. Իննա Խոջամիրյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է հոգեբան, դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից:

Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ այս ընթացքում գտնվում է քննական շրջանում.

«Ինչպես շատերը գիտեն՝ սովորում եմ ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում, ու հիմա բավականին ակտիվ քննական շրջան է մեզ մոտ:  Տարված եմ քննություններով ու ուրիշ ոչինչ չեմ հասցնում անել, հենց ավարտվի այս ընթացքը, կփորձեմ մտածել նաև այլ աշխատանքների մասին»,- պատմեց Իննան:

Նախորդ տարեվերջին դերասանուհին հանդես էր գալիս «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում: Այստեղ իր կատարած աշխատանքը Իննան մեկնաբանում է այսպես.

«Այս հեռուստասերիալն իմ կարճատև կարիերայի ընթացքում ամենասպասված նախագիծն էր թե անձնային, թե գործնական աճի տեսանկյունից: Այստեղ երկու կերպար եմ խաղացել, ու չնայած իմ զբաղվածությունը շատ փոքրիկ էր, միևնույն է, ինձ համար շատ պատասխանատու էր: Միաժամանակ, մեծ պատասխանատվություն էր նաև այն հանգամանքը, որ աշխատում էի վաստակավոր արտիստների ու լավ դերասանների հետ՝ ի դեմս Նելլի Խերանյանի, Դավիթ Հակոբյանի: Շատ հաճելի է, երբ պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատում ես մի հարթակի վրա, դա արդեն ինձ համար մեծ բան էր: Հիմա միայն դրական հույզեր եմ ապրում՝ հիշելով այդ նախագծում իմ աշխատանքը»:

Դերասանուհին նկատեց, որ սերիալային աշխատանքում դերասանը մի շատ կարևոր հատկանիշ է ձեռք բերում.

«Դերասանը, սերիալային ձևաչափում աշխատելով, ձեռք է բերում համբերատարություն, ինչը, կարծում եմ, շատ կարևոր հատկանիշ է: Ինքս առաջ համբերատար մարդ չեմ եղել, բայց հիմա սովորել եմ այդ ռեժիմին ու կարողացել եմ իմ մեջ զարգացնել այդ հատկանիշը»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով, թե հոգեբան, դերասնուհին ինչպիսի կերպարով կցանկանար հանդես գալ, որտեղ գործի կդներ նաև իր առաջին՝ հոգեբանի մասնագիտությունը, պատասխանեց. «Ամիսներ առաջ մտածում էի, որ ուզում եմ բացասական հերոսի մարմնավորել, որովհետև ինչքան էլ մենք մարմնավորում ենք մեզնից տարբեր, լրիվ ուրիշ անձանց, միևնույն է, մենք որոշ չափով կերպարների մեջ ներդնում ենք նաև մեր անձնային հատկանիշները: Այդ հանգամանքից ելնելով՝ ուզում էի բացասական հերոսուհու մարմնավորել, որպեսզի ներսումս եղած վատ գծերը բացասական կերպարի միջոցով հանեմ իմ միջից: Սակայն հիմա մտածում եմ, որ սխալ է խտրականություն դնելը, քանի որ ամեն կերպար էլ կարելի է յուրովի խաղալ ու ամեն կերպարի մեջ կարելի է ներդնել այն գծերը, որն ուզում ես»:

«Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի առաջին մասում Իննա Խոջամիրյանը ևս նկարահանվում էր, սակայն երկրորդ մասում, դերասնուհու խոսքով, իրեն հազիվ թե տեսնենք, քանի որ իր կերպարը անմիջական կապ ուներ Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ, իսկ վերջինիս կերպարյին գիծը ավարտված է այդ նախագծում:

Անդրադառնալով իր առաջին մասնագիտությանը՝ հարցին, թե Իննայի մեջ հաղթում է հոգեբանի, թե դերասանի մասնագիտությունը, պատասխանեց.

«Տեսական կոնտեքստում, իհարկե, հոգեբանությունն է առաջանահերթ, իսկ պրակտիկ դաշտում դեռևս դերասանի մասնագիտությունն է հաղթողը, քանի որ ես դեռևս իրավունք չունեմ գործունեություն ծավալել հոգեբանական դաշտում: Հիմա այս երկու մասնագիտություններն ինձ համար հավասար դիրքում են, չեմ էլ ուզում դրանցից որևէ մեկը վեր դասել: Երկուսն էլ չափազանց շատ սիրում եմ ու քանի դեռ կարողանում եմ համատեղել, կաշխատեմ երկուսին էլ նվիրված լինել»:

Մեր դիտարկմանը, թե արդյոք մեր հասարակությունում հոգեբանի ծառայությանը դիմողները կվստահեն դերասան-հոգեբանին, Իննան նշեց. «Դա ինձ համար շատ մեծ խնդիր է, այս հարցի շուրջ շատ եմ մտածել: Միշտ ինքս ինձ հարց եմ տալիս, եթե գա մի ժամանակ, երբ հեռուստատեսային աշխատանքում կարիերաս ավարտվի, հետո ինչ է լինելու այցելուներիս ու ինձ հետ: Այո, եթե ինքս էլ այցելու լինեի, դժվար թե վստահեի մի մարդու, ով հանրային ճանաչում ունի, ում ես ճանաչում եմ: Ամեն դեպքում, կարծում եմ, եթե այցելուներս համոզված լինեն, որ ես կոմպետենտ եմ ու կարող եմ իրենց հետ աշխատել, ուրեմն այդ ժամանակ ամենաթույլ գործոնը պիտի լինի իմ հայտնի լինելը»:

Իննա Խոջամիրյանը վստահություն ունի, որ գալու է մի տարիք, երբ նա զբաղվելու է միայն հոգեբանությամբ.

«Երբ ես որևէ աշխատանքում եմ ինքս ինձ ներառում, ի սկզբանե դիրքորոշում եմ ինձ համար մշակում: Այս անգամ էլ հենց սկզբից, երբ որպես դերասանուհի ներկայացա, գիտեի, որ սա իմ մասնագիտությունը չէ և ես շատ կնեղվեի, երբ այլ մասնագետ գար ու իմ փոխարեն որպես հոգեբան սկսեր աշխատել: Այդ ժամանակ, միևնույն է, գալու է մի կետ, երբ ես իրենից ավելի լավը պետք է լինեմ: Ինքս հասկանում եմ, որ ի վերջո գալու է մի սահաման, երբ ես կզբաղվեմ միայն հոգեբանի մասնագիտությամբ, քանի որ գուցե այդ ժամանակ ես ավելի վատը լինեմ, քան ինչ-որ դերասան»,- զրույցն ավարտեց Իննան:

Ամբողջությամբ՝ life.panorama.am