Armlur.am-ի հարցազրույցը ունի դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ:
Ո՛չ խուսափել է, ո՛չ ջանք գործադրել
Երբեք չեմ խուսափել հայտնի լինելուց, չեմ դժգոհել այդ հանգամանքից, բայց նաև հատուկ ջանքեր չեմ գործադրել` դրան հասնելու համար: Մինչ հայտնի դառնալը ես ունեի բավարար ինքնագիտակցում` հասկանալու համար, թե ուր եմ գնում: Ուրիշ բան, որ այսօր այնքա՜ն հեշտ է լինել հայտնի: Մնում է լինել նաև սիրված: Իհարկե, բոլորը չեն կարող քեզ, քո աշխատանքը հավանության արժանացնել, բայց, կրկնում եմ, մի բան է` լինել հայտնի, մեկ այլ բան` սիրված: Հայտնի մարդուն սպառնացող վտանգներից մեկն էլ առնչվում է ունեցածը պահպանելուն: Որքան հեշտ կարող ես դառնալ հանրային անձ, նույնքան հեշտ էլ կարող ես կորցնել ձեռք բերածդ:
Հայտնիությունը հարաբերական է ու ժամանակավոր
Ես համարում եմ, որ արտիստական բախտս բերել է: Ճիշտ ժամանակին հայտնվել եմ ճիշտ տեղերում և որպես մասնագետ ձևավորվել եմ մինչև հայտնի դառնալը: Այդ ժամանակվանից ես ծավալում էի թատերական գործունեություն, վարում էի տարբեր հաղորդումներ: Այսինքն` արդեն իսկ ունեի որոշակի ճանաչում: Իհարկե, առավել լայն մասսաները սկսեցին ինձ ճանաչել, երբ նկարահանվեցի սերիալներում: Ցավոք, այսօր շատերն են սերիալի միջոցով ճանաչում ստանում: Սերիալներն իրենց հոսքի հետ բերում են մեծ թվով շնորհաշատ և ապաշնորհ մարդկանց: Հետո, իհարկե, ժամանակը մաղում է նրանց, և պարզվում է, որ հայտնիությունը հարաբերական է ու ժամանակավոր:
Երբ դադարում ես ապրել միայն քեզ համար
Հայտնի լինելու առավելությունը մարդկանց տված ջերմությունն ու սերն է, որը չի կարող չշոյել քեզ: Մենք էլ մարդ ենք, ու մեր կյանքում էլ էմոցիաները շատ մեծ տեղ ունեն: Ուրիշ հարց, թե որքանով ես գայթակղվում դրանով, և այդ ամենն ինչ հետևանքներ է ունենում: Իսկ հանրային լինելու թերությունը, թերևս, այն է, որ դադարում ես ապրել միայն քեզ համար: Բայց այս դեպքում էլ եթե կարողանում ես ինքդ քեզ հետ անկեղծ լինել, այդ թերությունը կարող է դառնալ չարյաց փոքրագույնը: Կարծում եմ` պետք է ի սկզբանե լինել պարզ այն հասարակության առջև, որի համար աշխատում ես: Այսինքն` պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս: Այլապես, եթե ինքդ քեզ համար կերպար հորինես, չես կարող անընդհատ այդ կերպարի մեջ մնալ: Իսկ եթե հայտնի անձը թե՛ իր հարցազրույցների ընթացքում, թե՛ աշխատանքային պրոցեսում ու հանրային վայրերում անմիջական է ու բնական, նրան իմ նշած երկակիությունը չի սպառնում:
Ամբողջությամբ՝ armlur.am