…ՀՀՇ-ն ասում է՝ «տղերք, եկեք սրան ուտենք»…
Advertisement 1000 x 90

…ՀՀՇ-ն ասում է՝ «տղերք, եկեք սրան ուտենք»…

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՅԴ-ն, ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ՀՎՄ-ն, ԲՀԿ-ն միասին տխուր-տրտում գնում են մի նեղ ճանապարհով, հոգնում են, նստում են մի կտոր Հաց ուտելու: «Հաց բերող» չի լինում: Տեսնում են հեռվում միայնակ նստած ԱԻՄին: ՀՀՇ-ն ասում է՝ «տղերք, եկեք սրան ուտենք»:

ՀՅԴ-ն ասում է՝ «ինձ կերաք-կերաք՝ չկշտացա՞ք, սա իմ ապօրինի զավակն է, ժամանակ չգտա սրանով զբաղվելու, առանց էդ էլ անհեր-անմեր է մեծացել, թող գնա իր արևի ձենն ածի»:

ՀՀԿ-ն ասում է՝ «վրեն ուտելու բան չի մնացել, կերվել-պրծել է, ի՞նչն ուտենք»:

ՀԱԿ-ը խեթ նայում է ՀՀՇ-ին՝ «էնքան կերաք, վրեն բան չթողեցիք, մեզ էլ բան չմնաց»:

ՀՎՄ-ն ասում է՝ «շանս տանք թող Վերածնվի, հետո կուտենք»:

ԲՀԿ-ն ասում է՝ «սրան որ Վերածնվելու շանս տանք՝ կԲարգավաճի, տեղում է պետք վերացնել»:

ԱԻՄ-ը հեռվից լսում է սրանց զրույցը, մոտենում է, թե բա «Յո՞ երթաք, տղերք»: ՀՅԴ-ն ասում է՝ «սփյուռք, որդի, դու էլ արի մեզ հետ, բայց մինչ այդ մի հատ «Հաց բերող» գտի»:

ՀՀՇ-ն, ՀԱԿը, ՀՀԿ-ն միաբերան՝ «Ռուսաստան, «Հաց բերող»-ն էլ թող այնտեղ գա»:

ՀՎՄ-ն՝ «դեռ չգիտեմ, ճամփա եմ դուրս եկել, ազատ եմ, ով լավ կանչի՝ էն կողմ կգնամ: Բայց եթե «Հաց բերող»-ի տեղ գիտես՝ կսպասեմ»: ԲՀԿ-ն հոգոցով՝ «տեսնեմ սրանցից որի ճամփան է լայնանում՝ նրա կողքով կգնամ: Բայց հիմա բոլորիս տեղն էլ նեղ է, «Հաց բերող» է պետք: Դու կարո՞ղ ես «Հաց բերող» լինել»:

««Հաց բերող» կուղարկեմ, բայց ինչու՞ եք էսքան տխուր»: ՀՀԿ-ն ասում է՝ բոլորիս մեջ որդ է նստած՝ «Հ» տառը, չենք կարողանում ազատվել այդ տառից, «Հ» տառով էլ մեզ ընդունող չկա: ԱԻՄ-ը՝ խրատական «միշտ էլ հեռատես չեք եղել, «Հ» տառի հետ ինչու՞ գործ բռնեցիք, չգիտեի՞ք դրա հետևանքները:

«Հ»-ն հավերժն է, հավատն է, հույսն է, համառությունն է, համարձակությունն է, հացն է, հավասարությունն է, հանրայինն է, հանրագիրն է, հեղինակությունն է, բայց նաև հակառակորդն է, հարցն է, հետագան է, հսկելն է, հուսահատն է, հայցն է, հայրենիքն է… (շփոթված՝ կողմ «սա՞ ինչու ասեցի», ինքն իրեն ուղղելով), հաշիվ տալն է, հատուցումն է վերջապես, համակերպվելու՞ եք:

ՀՅԴ-ն, ՀՀՇ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ՀՎՄ-ն, ԲՀԿ-ն (շարունակելով և միմյանց ընդհատելով) համեղն է, հեշտանքն է, հաճույքն է, հարճն է, հարսն է, հավքն է, հարկն է, հարուստն է, հրամանն է, համաներումն է… Դու «Ա» ես՝ ազգային ես, մենք «Հ» ենք՝ Համազգային ենք, Համշախարհային ենք, Հայաստ… Չէ, չէ, Հայաստան չենք: Մեր «Հ»-ն Հայաստան բառի հետ կապ չունի: Մեր «Հ»-ն Համաժողովրդականն է, Համերկրայինն է…

ԱԻՄ՝ քմծիծաղով ընդհատելով. «համբակն է ձեր «Հ»-ն, համետի հետ հաշտված համբակների համաժողովի համատարած հուսահատվածների համախտանիշին համակերպված համարագրված հաշտ-համերաշխ համքարական հանդարտ համաձայության հոգու հանգստյան հանդիսավոր հանգրվանի հնարամիտ հայտնություն է ձեր «Հ»-ն (լռելով և մտածելով՝ հպարտ, բայց աղաչանքով)՝ «Հանրաճանաչ է ձեր «Հ»-ն, տղերք, դա ՀԱՊԿ-ի «Հ»-ն, հանճարեղ է, տղերք, չեղած բանի հաշիվ է, «Հաց բերող»-ը ես կլինեմ, տղերք, ինձ էլ վերցնեք ձեզ հետ, ինձնով յոթ կդառնաք: Սուրբ թիվ է յոթը, տղերք, հաջ գնանք ՀԱՊԿ, տղերք, գնանք ռուսաստանյան սփյուռք, հետո մղդսի կդառնանք, ավելի հետո՝ Մուղդուսի»: ԲՀԿ-ն անվստահ, մոլորված, չհասկանալով նայում է, բայց տեսնելով, որ բոլորը ոտքի են կանգնում գնալու, շփոթված ժպիտով միանում է:

Շշուկով՝ ՀՀԿ-ին. «Բա ասում էիր վրեն ուտելու բան չի՞ մնացել, լավ էլ խոսում էր, ուտեինք պրծնեինք»: ՀՅԴ-ն կրկին խեթ նայում է՝ «Մենք անմահ ենք»: Հոգեհանգստյան ղողանջներ:

Վարագույր, որի վրա գրված է՝ «Ուշադրություն. «Ա»-ն ասպնջականն է:

Քաղաքական ապաստարան են խնդրում ԱՅԴ-Ասպնջական Յեղափոխական Շարժում, ԱՀՇ-Ասպնջական Համազգային Շարժում, ԱԱԿ- Ասպնջական Ազգային Կոնգրես, ԱՀԿ-Ասպնջական Հանրապետական Կուսակցություն, ԱՎՄ-Ասպնջական Վերածնունդ Միավորում, ԲԱԿ-Բարգավաճ Ասպնջական Կուսակցություն, ԱԻՄ-Ասպնջական Ինքնորոշում Միավորում»:

Բոլոր համընկնումները պատահական են»:



Նման նյութեր