Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում ասել է, որ այժմ Ազովստալում ծանր մարտերը շարունակվում են։ Ռուսական զորքերը, նրա խոսքով, հարձակվում են գործարանի վրա տանկերով, հրետանիով, ինչպես նաև նավերով և ինքնաթիռներով:
«Ցավոք, այսօր տղաների հետ շփումը կորել է»,- հավելել է Բոյչենկոն։ Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հերթական անգամ հայտարարել էին Մարիուպոլի ամբողջական գրավման մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ գործարանը չի գրոհվում։
«Գերագույն գլխավոր հրամանատարը հրապարակավ հրաման է արձակել հարձակումը չեղարկելու մասին: Հարձակում չկա: Մենք տեսնում ենք, որ կան սրացումներ, որոնք կապված են այն բանի հետ, որ գրոհայինները գնում են կրակային դիրքեր: Այդ փորձերը շատ արագ ճնշվում են»,- ասել է Պեսկովը: