Քաղաքացիները փակել են Իջեւան-Երեւան ճանապարհը: Նրանց ձեռքին Հայաստանի ու Արցախի դրոշներ են: Այստեղ է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ով ծնունդով Տավուշի մարզից է: Նրանք պահանջում են ազատ արձակել Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին:
Բերդ համայնքի ղեկավար, ներկայումս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի որդին լրագրողներին ասաց. «6 ամիս է հորս անօրինական պահում են անազատության մեջ: Իրենց պահանջն է, որ դիմում գրի, հեռանա, բայց դիմում չի գրում: Մարզպետի, մարզպետի եղբոր կողմից պահանջներ են եղել: Ասել են՝ Նիկոլին չի դիմավորել, դրա համար քաղաքապետը պիտի նստի: Նիկոլը հիմա էլ գա, մենք հիմա էլ չենք դիմավորելու, որովհետեւ ինքը մեր հողերը տվել է թուրքին»;
Այդ պահին ոստիկանները մոտեցան ու նրան բռնությամբ տարան: Սակայն քիչ անց ազատ արձակեցին:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Հերիք է, ինչքան տվել ենք հերիք է, մի թիզ հող էլ չենք տալու: Թող իրենք պատասխան տան: Իմ երեխեն գնացել է զոհվել: Թող պատասխան տան, ինչի են ուղարկել Հադրութ, եթե ամսի 9-ին արդեն Հադրութը տված է եղել: Ինչի եք տարել ու 72 հոգու վարի տվել: Մեկը ես չեմ ուզում, որ Նիկոլը լինի ղեկավար, ու իմ նման 5 հազար ծնող»:
Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները երթ սկսեցին, բայց փողոցն արդեն փակ չէր. «Գնում ենք Երեւան, միանում ենք մեր ընկերներին: Դավաճանները պետք է հեռանան: Մեր պահանջը Նիկոլի անհապաղ հեռացումն է եւ Մանուչարյանին օր առաջ ազատ արձակելը»,-ասաց Մանուչարյանի որդին:
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։