Փետրվարի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կկայանա երգիչ Սևակ Խանաղյանի առաջին մենահամերգը Երևանում, որի ժամանակ երգիչը կներկայացնի ինչպես իր հեղինակային ստեղծագործությունները, այնպես էլ հայտնի երգերի cover-ներ, որոնք իր կատարմամբ մեծ հնչեղություն են ստացել X Factor-ի շրջանակներում:
Ուկրաինական X Factor-ի ընթացքում հայ հանդիսատեսը ուշի ուշով հետևում էր Սևակի յուրաքանչյուր ելույթին: Նա մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայերի շրջանում: Այս մասին վկայում է երգչի մենահամերգի տոմսերի վաճառքի արագությունը: Համերգից 1 ամիս առաջ տոմսերը գրեթե սպառվել են: Սա ստիպել է Սևակին և իր թիմին ևս մեկ մենահամերգ նախատեսել Երևանում: Այս ընթացքում շատերի է հետաքրքրում՝ ո՞րն է Սևակի ֆենոմենը:
Tert.am Life–ը երգչի հետ զրուցել է առաջիկա համերգների մասին:
«Փետրվարի 26-ին նշանակեցինք երկրորդ համերգը, քանի որ առաջին համերգի տոմսերը գրեթե սպառվել են: Տոմսերը չբավականացրին բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ներկա լինել մեր համերգին»,- ասաց նա:
Տոմսարկղերից հայտնում են, որ երկրորդ համերգի տոմսերը ևս գրեթե սպառվել են: «Չէի սպասում, որ այս համերգի տոմսերն էլ այսպես արագ կսպառվեն: Չափազանց ուրախ եմ, որ այսպիսի հետաքրքրություն կա մեր ստեղծագործական գործունեության հանդեպ: Շնորհակալ եմ»,- նշեց Սևակն ու հավելեց, որ շատ դրական է տրամադրված սպասվելիք համերգներին:
«Ամբողջ ներուժով պատրաստվում ենք: Սա մեզ համար շատ պատասխանատու համերգ է: Բոլոր ուժերը ներդրել ենք, որպեսզի ամեն ինչ բարեհաջող անցնի: Սա մեր առաջին մենահամերգն է Հայաստանում՝ երաժիշտների հետ»,- եզրափակեց երգիչը: