«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը երեկ Թուրինում անցկացրել է մրցութային իր երկրորդ փորձը, որից հետո հանդես է եկել ասուլիսով ու պատասխանել լրագրողների հարցերին: Ասուլիսի մասնակիցները հետաքրքրվել են հայ երգչուհու բեմադրությամբ, երգի նշանակաությամբ ու մինչ «Եվրատեսիլ»-ն ունեցած դժվարություններով:
Անդրադառնալով մրցութային իր բեմադրությանը, որը վստահվել է Մարվին Դիետմանին ու Դեն Շիպտոնին, Ռոզան նշել է, որ այն ներկայացնում է իր համար շատ անձնական պատմություն.
«Բեմին սենյակ է, որը ներկայացնում է իմ ներաշխարհը. այնտեղ դուք կտեսնեք գրառումներ՝ այն մտքերը, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ լավ բաների շուրջ, բայց երբ ես հայտնաբերում եմ իմ երգի բառերը, դրանք ինձ օգնում են հաղթահարել այդ բացասական էներգիան: Երեւի՝ միայն իմ շատ մտերիմ ընկերները գիտեն, թե ինչ նշանակություն ունի այս երգն ինձ համար. ամեն տողն անձնական է ու շատ հատուկ»:
Երգչուհին նշել է, որ թեեւ իր Snap երգի պատմությունը տխուր է, այն, ի վերջո, դրական վերջաբան է ունեցել իր համար՝ հնարավորություն ընձեռելով մասնակցել մրցույթին:
«Ինչ էլ քեզ հետ պատահում է, ամեն դեպքում, լավ է, քանի որ, ահա, ես այդ երգի շնորհիվ այստեղ եմ: Այո, ես տառապել եմ, եւ այն, ինչ գրել եմ, խիստ անձնական է, բայց այդ ցավն ու տառապանքն են ինձ բերել «Եվրատեսիլ», այնպես որ, իհարկե, այս պատմության վերջում կա լավատեսություն: Առհասարակ, կյանքը ձեւավորում են դրական ու բացասական իրողությունները»:
Ամբողջությամբ՝ style.news.am