Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել. Վրեժ Սարուխանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել. Վրեժ Սարուխանյան

Վրեժ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից.

ՍՊԻՆԵՐԻ ՎՐԱ ՆԱ Է ԾԻԾԱՂՈՒՄ, ՈՎ ՎԵՐՔ ՉԻ ՏԵՍԵԼ․․․

Կյանքով իմաստնացած խոսք է։ Անկախ նրանից, թե ով է հաղթողը, ով՝ պարտվողը, պատերազմը երբեք չսպիացող վերք է մարդկության համար։ Պատերազմում հաղթանակն էլ նախ զոհվածների մայրերի անդարմանելի ցավն է, կնոջ ու զավակների անվերջ սպասումը, որբության կսկիծը, իսկ ովքեր տուն էին դարձել՝ հաղթանակը մի աչքով ցնծություն էր, մյուսով՝ արցունք, նահատակ ընկերների կորստով․․․

1981 թվականի Մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, չտեսած պապիս, անգամ սև թուղթը չստացած կարոտներից ծնվեց այս ցավոտ գիրը։ Հայրենականից տասնամյակներով սպասող տատս ամեն օտար հյուրի գալով հուզվում էր՝ «Կարո՞ղ է Խոդեդանից մի խաբար բերող է․․․»։ Էդ «խաբարին» սպասելով՝ 40 տարի անց տատս էլ գնաց՝ վերջին պահին անգամ աչքը իր 7 զավակների հոր ճամփին․․․ Հետո տատիս շիրմաքարին, որպես մխիթարություն, պապիս նկարն էլ դրեցինք։ Հայաստանում հարգելի բացակայով մի անմարմին շիրմաքար էլ ավելացավ։ Պատերազմը, առավել ևս հաղթանակը, նաև անմարմին շիրմաքար է։ Ես այդ կարոտով եմ տեսել պատերազմը, որը ամենաարյունոտ ճակատամարտից էլ ծանր է․․․

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՄ․․․

Մի մամիկ՝ սևաշոր ու թեքված,

Ամեն օր ճամփեքին է նայում,

Խրճիթի դռնակը հոգնած՝

Ճռռալով հեքիաթներ է պատմում…

Արդյոք ո՞վ, արդյոք ե՞րբ, արդյոք ու՞ր.

Լռությու՜ն, լռությու՜ն ամենուր…

Մամիկը անարցունք մորմոքում.

Կռիվը չի պրծել իր համար։

Դողալով նորից դուռն է բացում.

Տանում են հուշերը անհամար…

Արդյոք ո՞վ, արդյոք ե՞րբ, արդյոք ու՞ր.

Լռությու՜ն, լռությու՜ն ամենուր…

Միգուցե միամիտ կգա նա,

Կհրի հին դուռը քնքշանքով.

Իմ գրկում, իմ գրկում հեկեկա,

Իր վերքը լվանամ արցունքով…

Արդյոք ո՞վ, արդյոք ե՞րբ, արդյոք ու՞ր.

Լռությու՜ն, լռությու՜ն ամենուր…

Ու դռան սև քարին կծկված՝

Ինքնիրեն խոսում է մամիկը.

Չի հիշում էլ երգեր սպասման,

Էլ չունի մտքի թել մամիկը…

Արդյոք ո՞վ, արդյոք ե՞րբ, արդյոք ու՞ր.

Լռությու՜ն, լռությու՜ն ամենուր…

Չի շարժվում էլ մամիկը քարին,

Էլ դուռը ճռռալով չի բացվում.

Խրճիթի խարխլված կտուրին

Աշնան թույլ վերջին շողն է մարում…

Արդյոք ո՞վ, արդյոք ե՞րբ, արդյոք ու՞ր.

Լռությու՜ն, լռությու՜ն ամենուր…

Անցել են տարիներ, ու չկան

Խրճիթը, դռնակը ճռռացող,

Քամին է սև քարին պահապան

Եվ լուրը մամիկին հասցնող…

Արդյոք ո՞վ, արդյոք ե՞րբ, արդյոք ու՞ր.

Լռությու՜ն, լռությու՜ն ամենուր…

1981թ., Մայիսի 9, Աշնակ



Նման նյութեր