Թուրինում երեկ՝ մայիսի 8-ին, կայացել է «Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակում մրցույթի՝ 40 երկրների ներկայացուցիչները, ավանդական կարմիր գորգի փոխարեն, քայլել են փիրուզագույն գորգով: Արտիստները լուսանկարվել են ու զրուցել հանդիսավարների հետ՝ կիսվելով իրենց զգացողություններով ու սպասումներով:
Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը միջոցառմանը ներկայացել է դիզայներ Մերի Ստեփանյանի հեղինակած թավշյա կոստյումով, նրան ուղեկցել են «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ու Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի ու թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը:
Հանդիսավարներից Գաբրիել Կորզին հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Հայաստանի փոքրիկ քաղաքում ապրող Ռոզա Լինը կարողացել իրականություն դարձնել իր՝ երգչուհի դառնալու մեծ երազանքը.
«Շատ դժվար է, երբ չունես եկամուտ, չունես կապեր, բայց ես, պարզապես, գնացել եմ իմ երազանքի հետեւից»,-պատասխանել է երգչուհին, եւ անդրադառնալով իր Snap երգի գլխավոր հաղորդագրությանը՝ հավելել,- «Ցանկացած դժվարություն ավելի հեշտ կարող ես հաղթահարել, երբ ինքդ քեզ մի փոքր ավելի շատ սկսես սիրել, հոգ տանել ինքդ քո մասին: Եթե ցանկանում ես ինչ-որ բան հարթել կամ շտկել, պարզապես, արա դա, եւ հաջողությունը կժպտա քեզ»:
Ի դեպ, Թուրինում է նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան: Նա ոչ միայն սատարում է Ռոզա Լինին, այլեւ իր խոսքով է հանդես գալու մրցույթի ընթացքում:
«Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզարափակիչը տեղի է ունենալու վաղը՝ մայիսի 10-ին, որի շրջանակում ներկայանալու է նաեւ Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը: Երգչուհին ելույթ է ունենալու վերջինը՝ 17-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվում է «Գեղեցկության ձայնը» (The Sound of Beauty) կարգախոսի ներքո: