Նարեկ Մալյանը գիրք է գրում եւ դատերի է մասնակցում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Նարեկ Մալյանը գիրք է գրում եւ դատերի է մասնակցում. hraparak.am

2021 թվականի արտահերթ ընտրություններում ընդդիմության պարտությունից հետո այս իշխանությունների դեմ ակտիվ պայքարող անձանցից մեկը՝ Վովա Գասպարյանի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ջնջեց իր ֆեյսբուքյան էջն ու անցավ «ընդհատակ»։ Նա հայտարարել էր, որ որոշել է զբաղվել անձնական կյանքով, ընտանիքով, ու մեկ տարուց ավելի է՝ հրապարակային գործունեություն չի իրականացնում։ Մենք կապ հաստատեցինք Նարեկի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որտեղ է նա, ինչով է զբաղված։ Ասաց՝ բնակվում է հիմնականում Գողթ գյուղում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, իր հանրահայտ Harley-Davidson մոտոցիկլետն է թյունինգ արել, որից Հայաստանում միայն այդ մեկն է, նոր գիրք է գրում՝ «Պետության ներսում օտարերկրյա գործակալական ցանցի գաղափարախոսությունը, քայքայիչ գործունեության մեթոդաբանությունը և դրան հակազդելու արդյունավետ եղանակները» թեմայով։ Հարցազրույց չցանկացավ տալ՝ խոստանալով, որ «էս ամեն ինչն ավարտվի՝ անպայման կխոսի»։

Բայց ասաց, որ բոլորի հետ շփվում է, մարդիկ կան՝ քաղաքական և ոչ քաղաքական դաշտերից, երբեմն այցելում են իրեն։ Ճիշտ է՝ Ֆեյսբուքում չկա, հեռուստացույցն էլ Գողթում «նորմալ չի բռնում», բայց իրադարձություններին հետևում է «այնքանով, որքանով», և տեղյակ է՝ ինչ է կատարվում Հայաստանում։ Սակայն երբ գալիս է Երևան, Ֆրանսիայի հրապարակ չի այցելում։ Նաև դատական գործերի մեջ է՝ հունիսի 3-ին «Չաուշեսկուի գործով» հերթական դատական նիստն է։

Հիշեցնենք, որ Մալյանի նկատմամբ քրեական գործ էին հարուցել 2020 թվականի պատերազմից հետո՝ Բաղրամյան պողոտայում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Եվ իշխանությունները, եւ անձամբ Փաշինյանը պարբերաբար խոսում են այդ ինստալյացիայի մասին, դրանով ցույց տալով, որ ծանր են տարել բեմականացումը եւ դրա մեջ սպառնալիք են տեսել՝ ուղղված իրենց կյանքին։

hraparak.am



Նման նյութեր