Մայիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես եկավ մի շարք պնդումներով, որոնք անհաշտ են իրականության հետ։
Միջին աշխատավարձի մասին
Ըստ Սուքիասյանի՝ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 243 հազար դրամ։
Իրականում, վերջին՝ փետրվար ամսի տվյալներով Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմում էր 206.5 հազար դրամ, ինչը 243 հազարից պակաս է 37 հազարով կամ շուրջ 18%-ով։
Երբ փորձեցինք հասկանալ, թե երբևէ Հայաստանում եղե՞լ է ամիս, երբ միջին աշխատավարձը կազմել է 243 հազար դրամ, պարզվեց, որ դա եղել է անցած տարվա դեկտեմբերին՝ միայն պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի դեպքում։ Սակայն սովորաբար դեկտեմբեր ամսին Հայաստանում պետական հատվածի միջին աշխատավարձի վերաբերյալ տվյալները միշտ ավելի բարձր են լինում մյուս ամիսների հետ համեմատած, քանի որ այդ ամսին, կապված ամանորի հետ, աշխատողները ստանում են պարգևավճարներ, հավելավճարներ և այլ բոնուսներ, ինչի արդյունքում արհեստականորեն բարձրանում է դեկտեմբեր ամսվա միջին աշխատավարձը։ Սա նշանակում է, որ այս թիվը որպես միջին աշխատավարձ ներկայացնելը մանիպուլյացիա է։
Ժողովրդավարության մասին
Ինչ վերաբերում է Սուքիասյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով 51-րդ տեղում է, ապա հարկ է նշել, որ միջազգային հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում՝ 100 միավորից հավաքելով 55-ը: Նշենք, որ կազմակերպությունը ժողովրդավարության սանդղակ չի կազմում: Ըստ պարբերական ուսումնասիրության մեթոդաբանության՝ պետությունները բաժանվում են մի քանի խմբերի՝ ազատ, ոչ ազատ, մասամբ ազատ: Հետևաբար, 55 միավոր ստանալը չի նշանակում, որ այլ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը:
Թե որտեղի՞ց է Սուքիասյանը վերցրել 51 թիվը՝ դժվար է ասել, քանի որ վերջինիս մամուլի խոսնակը ևս դժվարացավ պատասխանել։ Սակայն, ենթադրաբար, Սուքիասյանը նկատի ուներ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որտեղ Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով իսկապես զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Նյութը արդեն իսկ պատրաստ էր հրապարակման, երբ մեզ հետ կապվեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը և տեղեկացրեց, որ պատգամավորի խոսքում վրիպակ է տեղի ունեցել։ «Հայաստանը 51-րդ տեղում է Մամուլի ազատության ինդեքսում։ Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը վերջին 4 տարվա ընթացքում ունեցել է շատ մեծ առաջընթաց, սակայն դեռ 51-րդ տեղում չէ»,- ասվում էր մեզ ուղարկված հաղորդագրության մեջ։