«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։ Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: «Sputnik Արմենիա»–ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։
Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։
Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։
Ի դեպ, ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։
Մանրամասները՝ armeniasputnik.am։