Այս պահին զոհված զինծառայողների բոլոր ծնողները ճանաչվում են տուժողի իրավահաջորդ, մենք ճանաչվում ենք իրենց ներկայացուցիչներ եւ ծնողները հարցաքննվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Քննչկան կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ մայիսի 7-ին իրենք ներկայացրել են միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի նման ցուցում. «Մենք վկայակոչել էինք երկու խումբ պարզաբանման ենթակա հանգամանքներ: Օրինակ, Սյունիքի մարզի հողերը դեկտեմբերին իր հայտարարության հիման վրա թշնամուն հանձնելը, մյուսը վերաբերում է ապրիլի 13-ին արած հայտարարությանը: Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ: Դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Այս պահին տեղեկություն չունեմ, թե երբ: Քննիչն ինքն է որոշելու, թե երբ կատարի յդ հարցաքննությունը: Հուսով եմ՝ շուտ կկատարի: Հետագա անգործությունը բացառելու նպատակով, օրվա երկրորդ կեսին կներկայացնենք ավելի կտրուկ, ավելի ագրեսիվ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»: