Ժակ Շիրակն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. Figaro
Advertisement 1000 x 90

Ժակ Շիրակն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. Figaro

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու: Այդ մասին հայտնել է Le Figaro թերթը: Նրա տվյալներով՝ դոսյեն և կից նամակը Նոբելյան կոմիտեին են հանձնվել հունվարի 23-ին:

Միջազգային բարձր պարգևն ստանալու համար Ժակ Շիրակի թեկնածությունն առաջադրելու առաջարկությունն արել են նրա մի խումբ վաղեմի ընկերներն ու քաղաքական զինակիցները՝ «բազմաբևեռ աշխարհի ստեղծման գործընթացում ներդրած ավանդի համար»: Նրանց թվում են՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին նախագահ Բեռնար Ակուայեն, նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը, ինչպես նաև Ֆրեդերիկ Սալա-Բարուն՝ Ելիսեյան պալատի նախկին գլխավոր քարտուղարն ու Ժակ Շիրակի փեսան: Le Figaro-ի տվյալներով՝ նման նախաձեռնության գաղափարը նրանց մոտ առաջացել է 2016 թվականի ամռանը:

Նախաձեռնող խումբն ստեղծել է «Ժակ Շիրակ, երկխոսությանն ու խաղաղությանը հավատարիմ քաղաքական գործիչ» ասոցիացիան: Այն գլխավորել է ազդեցիկ քաղաքական գործիչ, էկոնոմիկայի նախկին նախարար Տիերի Բրետոնը: Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար Շիրակին առաջադրելու գաղափարի աջակցման հանրագիրն ստացել է արդեն 280 պատգամավորների ստորագրությունը, հիմնականում «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչների:

Ստեֆան դե Ֆոլը՝ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, հունվարի 25-ին ելույթ ունենալով «Ֆրանս-ինֆո» ռադիոկայանի եթերում, ողջունել է այս նախաձեռնությունը: «Խաղաղության Նոբելյան մրցանակով պարգևատրելու համար Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի թեկնածության առաջադրումը միանգամայն տրամաբանական նախաձեռնություն է: Իր պաշտոնավարման ընթացքում նա մեծ աշխատանք է կատարել»,-ասել է Լե Ֆոլը:

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել երկու ժամկետով՝ 1995-2002 և 2002-2007 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: