ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու սպասվող խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ խոսնակ Վարդան Վարդանյանը:
«ԵԿՄ վարչության նախագահը ամբողջ ՀՀ-ի ԵԿՄ-ի վարչության նախագահն է, ուստի Մանվել Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու, սա միանաշանակ է։ Ինքը դեռ մի տարի առաջ ասել է, որ չի ցանկանում առաջադրվել, իսկ այս խորհրդարանում իր հիմնական առաքելությունն էր ԵԿՄ-ի կարգավիճակի մասին օրենքը հեղինակելն ու անցկացնելը։ Այսինքն, ինքը հասավ նրան, որ երկրապահ կամավորականությունը մեր երկրում պետականորեն ճանաչվեց»,-ասաց Վարդանյանը։
Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում լինի, Վարդան Վարդանյանն ասաց, որ այս պահին հստակ չի կարող ասել։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր էր ընգրվել համամասնական ընտրացուցակով։ Ի դեպ, այս նախագծի քվեարկությունը բավական ուշագրավ էր․ նախ մինչ քվեարկությունը առաջին անգամ խորհրդարանում ելույթ ունեցավ Մանվել Գրիգորյանը և դիմելով ընդդիմությանը ուշագրավ հայտարարություն արեց․«թշնամություն մի արեք, տղա աղջիկ ունեք, էգուց իրար հետ եք պսակելու, բարեկամանաք»։ Հիշեցնենք, որ օրենքի այս նախագիծն ընդունվեց միաձայն։
hayeli.am