Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը՝ ՀՀ-ում կատարվող գործընթացների և դրա միջազգային ընկալման մասին։
«Ինչպես է զարգանալու իրավիճակը
Հայաստանում ստեղծվել է բավական բարդ վիճակ, որի թերագնահատումը կբերի մեծ խնդիրների։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ողջ օբյեկտիվությամբ չենք գնահատում բարդության աստիճանը։
Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։
Իշխանությունը
Սպասում է, որ շարժումը կմարի։ Բայց սա կոպիտ մոլորություն է. մի պահ ենթադրենք, որ չկան վրաններ, չկան բողոքի ակցիաներ, չկան հանրահավաքներ. դրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու։ Ամեն պահի, ամեն կայծից իրավիճակը կարող է պայթել։
Երկրում ձևավորվել է մոտիվացված հանրային շերտ՝ ազգային իդեաների շուրջ, իսկ սա երբեք ոչ մի երկրում չի մարում։ Անմտություն է սպասել, որ այդ իդեան կմարի։
Սա երկակի իրականություն է. զուտ ազգային իդեայի շուրջ կոնսոլիդացիան չի մարում, բայց և մեծանալու ռեսուրսը սահմանափակ է։
Ընդդիմությունը
Դնում է ճշգրիտ բանաձև. հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ բերեք ևս մեկ հոգու։ Սա պարզ և հստակ խնդիր է. այսօր մասնակցում է X հազար մարդ, հենց այդ թիվը դարձավ 2X՝ իրավիճակը էապես կփոխվի, դարձավ 3X՝ իշխանության փոփոխությունը կդառնա անխուսափելի։
Ընդդիմությունը ճիշտ դնում է խնդիրը, բայց չի գտնում լուծումը՝ ինչպե՞ս անել, որ X-ը դառնա 3X։ Ընդդիմության գերխնդիրը իր իսկ դրած ճիշտ խնդրի լուծումը գտնելն է։ Լուծումներ, բնականաբար, կան։
Մթնոլորտը
Հիմա ստեղծվել է ներքին ստատուս քվո, հավասարակշռության մի վիճակ։ Իշխանությունն ակնհայտ լարված, նյարդային վիճակում է, և դա բնական է։ Գնում է ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու ճանապարհով։ Սա արդյունք չի տալու։
Եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և ուժ կիրառվեց փողոց դուրս եկած մարդկանց դեմ, ապա լարվածությունը երկրում շեշտակի կմեծանա, և իշխանության հեռացումը խաղաղ, սահուն ճանապարհով այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել։
Փողոցն էլ, իր հերթին, այս պահին չունի դեռ այն կշիռը, որն իշխանություն փոխի։
Ստեղծված պայմաններում որևէ իշխանություն չի կարող գնալ կարևոր, պատմական համաձայնագրերի կնքման, իսկ ներքին կյանքում գնալու է խոր լճացում։ Այս վիճակը մի պահից ֆիքսելու է միջազգային հանրությունը, միջնորդները, և իշխանությունը դրանից նյարդայնանում է։ Բայց դա ֆիքսելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։
Արտաքին ռիսկ
Մենք երգում ենք Լաոյի, Մախլուտոյի մասին, Թալեաթի գնդակահարության, Մուշի, Սասունի մասին և կարծես թե մոռանում ենք այսօրվա իրականությունը՝ այն ռեալ վտանգը, որ կա այսօր Ադրբեջանից և Թուրքիայից։ Այդ վտանգը ոչ ոք չի չեղարկել և ոչ ոք որևէ հարատև երաշխիք չի տվել, առավել ևս՝ ուկրաինական ձգձգվող պատերազմի պայմաններում։ Հետևաբար՝ շարժումն իր պատկերացումներում պետք է դառնա ավելի կոնստրուկտիվ և արտաքին աշխարհի համար ավելի ընկալելի, որպեսզի դաշնակիցներ գտնի դրսում և ներսում։
Արձանագրենք, որ այս պահին շարժումը դժվար ընկալելի է.
ա/ միջազգային հանրության համար. հակաթուրքականությունը չի կարող լինել ազգային վերածննդի շարժման առանցքը։ Իրականությունն այն է, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը կարևորում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությունը։ Այլ հարց է այդ երկխոսության որակը և արժանապատիվ բնույթը, որն այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ ապահովել՝ բազմաթիվ հայտնի պատճառներով։
բ/ Հարևանների համար. 80 մլն-անոց թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց դաշնակիցները ֆիքսում են պրոցեսի ընդգծված հակաթուրքականությունը և, բնականաբար, անում հետևություններ։
գ/ և ցավոք՝ հասարակության մի զգալի հատվածի՝ դիտորդ հասարակության համար. հանրության բավականին մեծ տոկոսի համար ևս շարժումն այս պահին դեռևս դժվար ընկալելի է, և սա պետք է անպայման վերլուծել ու հաշվի առնել՝ շարժման թափը մեծացնելու մարտավարություն մշակելիս։
Իշխանության կարգավիճակը
Այս պահի առավել բնութագրական բնորոշումը ըստ իս հետևյալն է. ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված։
Կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր։ Կամ կլինեն նոր արտաքին ազդակներ։
Ամփոփում
Քանի որ այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել։ Կարող են թուլանալ նրա դրսևորման ձևերը, լինեն ակտիվ կամ նվազ ակտիվ դրվագներ, բայց այն չի մարելու։ Նիկոլը գնալու է. երբ, ինչպես, ինչ շարունակությամբ – հարցերն այս պահին անպատասխան են։
Ո՞ր պահից, երբ շարժման առանցքը դառնա Հայաստանի վերականգնման բովանդակությունը, այդ հարցերն արագ լուծում կստանան։
Արեցինք սա. ձևավորվելու է փոփոխությունների տոտալ, զանգվածային պահանջ, նոր իշխանության տոտալ պահանջ, և այդ հանրային պահանջը բավարարվելու է։
Ֆիքսենք նաև, որ երկրում կա քաղաքական երկխոսության իրական պոտենցիալ՝ երկրում անկառավարելի չարություն և վտանգավոր անկայունություն թույլ չտալու համար, սակայն դա հնարավոր է միայն մեկ կոնկրետ խնդրի լուծման դեպքում՝ Նիկոլի հեռացման։ Քանի այդ հարցը չի լուծվել, երկիրը շարունակելու է լինել վառոդի տակառի պես, քանի որ Նիկոլի ամեն նոր քայլ, հաջորդ ելույթը, ամեն հաջորդ ասուլիսն իր հետ կարող են հերթական կայծը բերել ու պայթեցնել հասարակությունը։ Իշխանական համակարգերն ու նրանց սպասարկող կառույցները սա պետք է հնարավորինս շուտ հասկանան»։