Հասարակության շրջանում մեծապես քննարկված՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց տուժողներից մեկը՝ Գևորգ Մարգարյանը:
Ըստ գործի տվյալների, նրան ծեծում էին իր իսկ ընկերները, երբ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր մեքենայով անցնելիս տեսնելով դա, փորձել էր կարգի հրավիրել նրանց, սակայն այդ ընթացքում կռվողներից մեկը դանակով հարվածել էր պատգամավորի թիկնապահին՝ այդ դրվագով արարքը որակվել է որպես սպանության փորձ:
Ըստ տուժող Գևորգ Մարգարյանի, չորս ամբաստանյալներից երկուսն էին իրեն ծեծում, իսկ մյուս երկուսը՝ ամբաստանյալներ Գարիկ Բաբախանյանն ու Սամվել Սաֆարյանը բաժանում էին: Ըստ նրա, դանակ որևէ մեկի մոտ չի տեսել:
Մինչդեռ նախաքննության ընթացքում տուժողն ասել էր, որ բացի Գարիկ Բաբախանյանից՝ մյուսները ոտքերով ու ձեռքերով հարվածում էին իրեն, իսկ ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը դանակը հանել է ու հարձակվել իր վրա, սակայն ինքը հարված չի ստացել՝ Գարիկն է խանգարել:
Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել էր, որ իրեն ծեծել են ոստիկաններին տեղեկություն տալու համար:
Նախաքննության ժամանակ տուժողը ենթադրել է, որ պատգամավորի թիկնապահին կարող է Անդրանիկ Գաբրիելյանը վնասվածք հասցրած լինել՝ դատելով վերջինիս ագրեսիվ վարքից ու նրանից, որ նրա մոտ դանակ է տեսնել:
Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո տուժողը հայտարարեց, որ ոչ թե ինքն է գնացել հաղորդում տալու, այլ իրեն տարել են ոստիկանական մեքենայով:
Տուժողը հայտարարեց նաև, որ ինքը խմած ու հոգեմետ դեղեր օգտագործած վիճակում չէր կարող հիշել, թե իր ընկերներից ով ինչ հագուստ էր հագել, անգամ իր հագուստը չէր հիշում: Տուժողը հերքեց նաև, որ իրեն ծեծել են «գործ տալու» համար:
Մինչև ցուցմունք տալը ոստիկանությունում հինգ ժամ ի՞նչ էր անում պաշտպանական կողմի հարցին ի պատասխան տուժողը հայտնեց, որ «քրեականի պետը տարավ սենյակ, ասաց պառկիր, մի քիչ օյաղացիր»:
Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց երկու վկա: Ըստ նրանցից մեկի՝ տարեց վկայի դատաքննական ցուցմունքի, ինքը տեսել է, թե ինչպես են երեխաները երեխային ծեծում՝ վկան երեխա էր անվանում ամբաստանյալներին ու տուժող նրանց ընկերոջը:
Վկան հայտնեց, որ մոտեցել է երեխաներին ու զգուշացրել՝ ծեծը նկարահանվում է: Հայհոյանքներ լսե՞լ եք հարցին վկան պատասխանեց՝ լսել է «գործ տվող» արտահայտությունը, որն ըստ նրա, «հայհոյանք է, բա ինչ է»: Ընդ որում արտահայտությունը հնչել է ոչ միայն ծեծվող ընկերոջ, այլև պատգամավորի հասցեին:
Նախաքննական ցուցմունքում վկան հստակ նշել էր ամբաստանյալների ագրեսիվ վարքի ու հայհոյանքների մասին, մինչդեռ դատարանում հայտարարեց՝ ոչ ոք էլ մեղավոր չէ:
Անորոշ ու մշուշոտ էր նաև նախաքննական ցուցմունք տալու ժամանակ քննիչի միջամտության վերաբերյալ հարցերին վկայի պատասխանները՝ կոնկրետ հարցերին նա ընդհանրական պատասխաններ էր տալիս՝ դե, գիտեք ինչպես է լինում, ուզում են, իրենց հունով են տանում:
Այդ հանգամանքի շուրջ դատարանի մի շարք հարցերից հետո վկան ի վերջո հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը մոտավորապես համապատասխանում է իրականությանը:
Պաշտպանական կողմը դատարանի այդ հարցերը որակեց որպես համոզել, դատարանն էլ արձագանքեց՝ հասարակությունը կգնահատի:
Հաջորդ վկան ոստիկան էր, ով տեսել էր պատգամավորի վնասված թիկնապահին, ինչպես նաև տեսել ամբաստանյալներից երեքին՝ Սամվելը պառկած էր, Անդրանիկը նրան ուշքի էր բերում, իսկ Հակոբը կանգնած էր:
Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը, ով ի թիվս այլ մեղադրանքների՝ մեղադրվում է պատգամավորի թիկնապահի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, հայտարարեց, որ գնալով համոզվում է, որ վնասվածքը կրծքավանդակի շրջանում չի եղել: Ամբաստանյալն առաջարկեց, որպեսզի տուժողը բարձրացնի հագուստը և ցույց տա վնասվածքը: Դատարանը հայտարարեց, որ այդ հարցին դատարանը կանդրադառնա, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության փորձ:
Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Հակոբ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սամվել Սաֆարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: