Մակքուորի համալսարանի (Ավստրալիա) հետազոտողների խումբը Ջիքսին Հուանգի (Jixin Huang) գլխավորությամբ ներկայացրել է աշխարհում ամենամեծ և, կարելի է ասել, կատարյալ աստղադիտակի հայեցակարգը: Խնդիրն այն է, որ մարդիկ դեռ բավականին երկար ժամանակ չեն կարողանա այն կառուցել, սակայն մենք կարող ենք զարգացնել դրա կառուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիաները, ինչը, թերևս, նույնպես հուսադրող է։
Ըստ Հուանգի՝ անհրաժեշտ է անսահման թվով սովորական աստղադիտակներ տեղադրել հնարավորինս մեծ տարածքի վրա և միացնել դրանք քվանտային հաղորդակցության միջոցով: Նա առաջարկում է չմանրանալ և անմիջապես կառուցել ինտերֆերոմետրը (աստղադիտակների ամբողջությունը) մի ամբողջ մոլորակի չափով, իսկ եթե լինեն բավարար ռեսուրսներ՝ նույնիսկ ավելին: Որքան մեծ լինի նման գործիքի պայմանական «հայելին», այնքան ավելի հեռու այն կկարողանա նայել տիեզերքի խորքերը, և այնքան ավելի պարզ կլինի պատկերը: Քվանտային խճճվածության սկզբունքը թույլ կտա, որ աստղադիտակներն ակնթարթորեն փոխանակվեն իրենց ստացած յուրաքանչյուր ֆոտոնի մասին տվյալներով, ինչի շնորհիվ աստղադիտակների միջև ֆիզիկական հեռավորությունը նշանակություն չի ունենա: Սա հնարավորություն կտա կառուցել կամայական մեծ չափերի ինտերֆերոմետր:
Բայց նույնիսկ այս մոտեցմամբ միջամտությունների և սխալների քանակը չափազանց մեծ կլինի, այնպես որ անհրաժեշտ է լինելու կառուցել նաև լիարժեք քվանտային համակարգիչ: Գիտնականները նշում են, որ նման համակարգերը տեսականորեն ունեն ինքնաուղղման գործառույթ, ընդ որում դրա ակտիվացումը լրացուցիչ ռեսուրսներ չի պահանջում։ Սա քվանտային համակարգչին հնարավորություն է տալիս միաժամանակ մշակել ստացված տվյալները և ուղղել այդ գործընթացի ընթացքում կուտակված սխալները:
Մնում է իրագործել այս ամենը՝ նախագծել և կառուցել։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը