Ուկրաինայում երկուսուկես ամիս է պատերազմ է։ Այս ընթացքում ավերվել են բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, կան տասնյակ հազարավոր զոհեր։ Պատերազմի հենց սկզբից եվրոպական բազմաթիվ երկրներ իրենց դռները բացեցին Ուկրաինայից գաղթող փախստականների համար։ Hraparak.am-ը զրուցել է Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ՝ հետաքրքրվել մեր հայրենակիցների ճակատագրով։
«Ուկրաինայում շարունակվում է պատերազմը և Ուկրաինայի հայերի միությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին պատերազմի առաջին իսկ օրից սկսած ոնց աշխատել է, այնպես էլ շարունակում է իր աշխատանքները։ Առաջին` հումանիտար օգնություն ենք տրամադրում քաղաքացիներին, օգնում ենք ստանալ առաջին ապաստարանը։ Պետությունում ծանր իրավիճակ է։ Ամբողջ Ուկրաինայում վառելիքի ճգնաժամ է։ Սակայն այս ամեն ինչից զատ, մենք աշխատում ենք»։
Մեր այն հարցին, թե ունե՞ն մոտավոր տվյալներ, թե որքան հայ է լքել, վերադարձել Հայաստան, Դավիթ Մկրտչյանն ասաց, որ ո՛չ Ուկրաինայի, և ոչ էլ Հայաստանի սահմանապահ մարմինները դեռևս իրենց նման ինֆորմացիա չեն տրամադրել։
«Մարդիկ հիմնականում մեզ դիմում են տարհանվելու և հումանիտար առաջին օգնություն ստանալու հարցերով։ Եվ երկու դեպքում էլ՝ սկսած փետրվարի 24-ից, որտեղ որ կարողացել ենք, և ինչքանով որ կարողացել ենք` օգտակար ենք եղել։ Օգտակար ենք եղել ոչ միայն մեր հայրենակիցներին, այլ նաև բոլոր այն օտարազգի քաղաքացիներին, ովքեր դիմել են մեզ։