Ինչպես են ՔՊ-ական քաղաքապետերը մսխում սուղ համայնքային բյուջեները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են ՔՊ-ական քաղաքապետերը մսխում սուղ համայնքային բյուջեները

2018 թվականին` հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ ի տարբերություն ՀՀԿ-ական քաղաքապետերի` ՔՊ-ական քաղաքագլուխները պաշտոնները ստանձնելուց հետո մի լումա անգամ չեն մսխելու քաղաքային բյուջեից, բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ, բաց և հաշվարկված։

Այդպես է արդյոք այսօր` հեղափոխություից չորս տարի անց, դատեք ինքներդ։

Դիցուք ` Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի 10 նոր տրոլեյբուսներով: Եվ այստեղ խնդիրը անգամ այն հարցը չէ, թե արդյո՞ք Երևանին տրոլեյբուսներ անհրաժեշտ են, թե ոչ, խնդիրը վերջիններիս գինն է. այն է՝ 10 ավտոբուսի դիմաց քաղաքապետարանը բյուջեից պատրաստվում է վճարել 2 միլիարդ դրամ: Որպեսզի քաղաքացիների էլ ավելի լայն շրջանակ ծանոթանա, թե ինչպիսի օգտակար գնում են պատրաստվում իրականացնել մայրաքաղաքի ղեկավարները՝ այդ լուրը փոխքաղաքապետերից մեկը նույնիսկ ֆեյսբուքյան գովազդի տակ էր տարածում:

Էջմիածնի քաղաքապետարանը պետական գնումների մրցույթին ներկայացրել էր ոսկյա մատանիներ գնելու հայտ: Գնումների ցանկից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը գնել է նաև գրասենյակային և տնտեսական իրեր, օդորակիչներ, որոշակի գումար է նախատեսված մեքենաների նորոգման, ավտոպահեստամասերի գնման, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրամատակարարման, ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և փոստային ծառայությունների համար։ Քաղաքապետարանը 19 մլն 115 հազար դրամ մտադիր է ծախսել համաքաղաքային միջոցառումների անցկացման, կես միլիոն դրամ՝ ծաղկեպսակների և ծաղիկների ձեռքբերման նպատակով։

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով հեղափոխությունից առաջ էլ էր ղեկավարում համայնքը, նույնպես մեծ սեր ուներ ճոխ ու անիմաստ ծախսերի հետ, որոնք ոչ այլ ինչ էին, քան քաղաքի բյուջեի մսխում։ Մասնավորապես, նա պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» ԱԿի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան ձեռք բերել, որի յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ:

Մամուլը շաբաթներ առաջ գրել էր, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են: Բացի այդ, Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին 20-35 հազարական դրամ է տրամադրել։ Տարբեր հաշվարկներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։

Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով և ոչ պակաս 250 ձ/ուժից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։

Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Մամուլի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Ինչպես հասկանում ենք` հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։

lurer.com