Ինչ է նվիրել Աննա Հակոբյանը Գավառի մանկատանը և երկրագիտական թանգարանին
Advertisement 1000 x 90

Ինչ է նվիրել Աննա Հակոբյանը Գավառի մանկատանը և երկրագիտական թանգարանին

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ: Ըստ հրապարակումների, Աննա Հակոբյանն իր շրջայցի ընթացքում այցելել է նաեւ Գավառի մանկատուն եւ Երկրագիտական թանգարան: ArmLur.am-ը կապ հաստատեց Գավառի Մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է վարչապետի տիկնոջ այցը տվել մանկատանը եւ ինչ նվերներով է վերջինս գնացել. «Այցն  առանձնակի ոչինչ չտվեց, պարզապես հետաքրքիր էր, նորություն էր նման մարդկանց հետ շփումը երեխաների համար: Տիկին Աննան քաղցրավենիք էր բերել երեխաներին, այլ նվերներ որպես այդպիսին չկային», – նշեց նա:

Իսկ Գավառի  Երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը մեզ հետ զրույցում ասաց. «Թանգարանին պետք է պարտադիր նվերնե՞ր բերեր: Շատ հյուրեր ենք ունեցել, բայց երբեւիցե որեւէ մեկը  թանգարանին նվերներ չեն բերել, հո՞ սա մանկապարտե՞զ չէ»:

Հավելենք, որ ՀՀ վարչապետի տիկնոջ այցի մասին այնքան էլ հաճելի պատմություններ չեն պատմում: Բանն այն է, ըստ մամուլում հրապարակված լուրերի, երբ Աննա Հակոբյանը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու, 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը դասախոսության մեջ ընդգծում է, որ  ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը, սակայն Աննա Հակոբյանն ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և այլն։  Ըստ հրապարակումների, բանավեճին ընդհատում է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստում է, թե ինչպե՞ս ես համարձակվում ինձ ընդհատել։

Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և  ուսանողների հետ դուրս է գալիս լսարանից։

ArmLur.am-ը նաեւ այս հրապարակման հետքերով էր գնացել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում: Գավառի համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը չեն հերքում, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ համալսարանում միջադեպ է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թե՛ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, թե՛ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը «կարծիքների արտահայտում» որակեցին Աննա Հակոբյանի ու դասախոսներից մեկի միջև ունեցած բանավեճը, որն ըստ մամուլի հրապարակման՝ ընդհատվել ու իրական սկանդալի էր վերածվել:

armlur.am



Նման նյութեր